«Ռիա Նովոստի»-ն հոդված է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`  դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած պետական այցի մասին:

 

Հոդվածում խոսվում է այն մասին, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում Վլադիմիր Պուտինին իսկական հրաշք են ցույց տվել: Վերջինիս սրբապատկեր են ցույց տվել, որը հայտնաբերվել է  երկրաշարժից ավերված ուղղափառ տաճարներից մեկի փլատակներից: Այն հայտնաբերելու ժամանակ ամբողջությամբ պատված է եղել սև գույնով, սակայն, դրանից  երեք տարի անց, սրբապատկերը զարմանալիորեն ինքնավերականգնվել է:

 

Հոդվածագիրը անդրադարձել է նաև Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցությանը: «Մնում է սպասել մինչև դեկտեմբերի 19, երբ Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ էլ կհաստատվի ՄՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը: Հայաստանը Մաքսային միությանը կանդամակցի արդեն գալիք տարում, ավելի շուտ, քան դրան պատրաստ կլինի Ղրղզստանը»,-գրում է հեղինակը:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: