Այսօր ոստիկանությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ճանապարհային ոստիկանության կողմից երթևեկության կանոնների վերահսկման տեխնիկական միջոցների ներդրման և կիրառման գործունեության արդյունավետության դիտարկման արդյունքներին:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է քննարկման խնդիրներին ու նպատակներին:
Խորհրդակցությանը մասնակցող՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Ճանապարհային երթևեկությունը կատարելագործելու ուղղությամբ համատեղ աշխատանքի ու միասնական գործողությունների անհրաժեշտությունը:
Դիտարկումների արդյունքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի և ոստիկանության ներկայացուցիչները: Անդրադարձներ են եղել ոլորտի օրենսդրական կատարելագործման, տեխզննության և վարորդական իրավունքի տրամադրման կարգի բարեփոխման, երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ուղևորատար տրանսպորտի վարորդների վերահսկողության և մի շարք այլ հրատապ խնդիրների լուծման եղանակներին ու մեթոդներին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է տուգանքների նվազեցման վերաբերյալ հարցադրմանը, ապա կարևորել ճանապարհային անվտանգության ապահովման տեսանկյունից վարորդական իրավունքների տրամադրման գործընթացի խստացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացների և քննություները մարզերում ստեղծվելիք ավտոդրոմներում կազմակերպելու ճանապարհով:
Ինչ վերաբերում է հարակից գերատեսչությունների ու կառույցների հետ համագործակցությանը, ապա ոստիկանության պետը կարևորել է համատեղ աշխատանքը առողջապահության նախարարության ստորաբաժանումների հետ, ինչպես և ընդգծել է ապահովագրական կազմակերպությունների և ճանապարհային ոստիկանության փոխգործակցության ու փոխվստահության ապահովումը՝ երթևեկության լարվածությունը թուլացնելու և, մասնավորապես, մայրաքաղաքում անցանկալի խցանումներից զերծ մնալու համար:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը վերստին կարևորել է Ճանապարհային ոստիկանության աշխատանքն ու ընդգծել այդ աշխատանքի հանդեպ հանրային վերաբերմունքի բարեփոխման անհրաժեշտությունը: