Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը՝ Թբիլիսի):
Նախագահը շնորհավորել է դեսպան Գավելեին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս նա կանի ամեն հնարավորը իր մասնագիտական կարողություններն ու փորձը ի նպաստ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ամրապնդման ներդնելու համար:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ-լատվիական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
Դեսպան Էլիտա Գավելեն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել 2015թ. առաջին կիսամյակում Լատվիայի ԵՄ նախագահության շրջանում ևս սերտորեն համագործակցել Հայաստանի հետ և անհրաժեշտության դեպքում աջակցել՝ ընդգծելով, որ այդ ժամանակաշրջանում Արևելյան գործընկերությունը Լատվիայի համար լինելու է առաջնահերթություններից մեկը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Հանրապետության Նախագահը և Լատվիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: