Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամանել է Երևան՝ մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցություն» (ՍԾՏՀ) կազմակերպության արտգործնախարարների 29-րդ նիստին:

 

Թուրքական «Հյուրրիյեթ» թերթը անդրադարձել է արտգործնախարարին ուղեկցող պատվիրակության անդամներին՝ նշելով, որ նրանց մեջ կան չսպասված անուններ:

 

Պատվիրակության մեջ ընդգրկված են Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը և «Յենի շաֆաք» թերթի հոդվածագիր Մարգար Եսայանը: Բայց ըստ «Հյուրրիյեթի»' ամենամեծ անակնկալը Սամսոն Օզարարատի ներկայությունն է Դավութօղլուի պատվիրակության մեջ:

 

«Օզարարատը ծնվել է Քոնիայում, իսկ այժմ Ֆրանսիայի քաղաքացի է: Նա մինչև վերջերս ՍԾՏՀ գործադիր խորհրդում Հայաստանի ներկայացուցիչն էր, իսկ այժմ որևէ պաշտոն չի զբաղեցնում: Նա մի անձնավորություն է, ում ճանաչում են 1990-ականներից հայ-թուրքական մերձեցման համար աշխատողները: Օզարարատը երկար ժամանակ միջնորդական ջանքերում իր ներդրումն է ունեցել»:

 

Թուրքական թերթը խորհրդանշական է համարում այն փաստը, որ ժամանակին թուրքական քաղաքացիությունից զրկված Օզարարատն այժմ ընդգրկվել է Դավութօղլուի պատվիրակության մեջ:

 

«Դավութօղլուի կողմից այս ժեստը խորհրդանշում է երևանյան կարճատև այցի ընթացքում ձեռք մեկնելու ջանքը: Անկարան այս այցելությամբ ուղերձ է հղում, որ պատրաստ է Երևանի և Բաքվի միջև տարիներ շարուանակվող բանակցություններում խաղաղության համար միջնորդությամբ հանդես գալ»,- գրում է թուրքական թերթը:

 

Ermenihaber.am