Դեկտեմբերի 13-ին Թալինում ինքնասպանություն գործած 15-ամյա Հրանտ Վարդանյանը մինչեւ տուն գալը բակում ընկերների հետ ձնագնդի է խաղացել, բարձրացել տուն, հաց կերել, 14:09 րոպեին մտել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանց, փոխել գլխավոր նկարը, դրանից հետո զանգահարել է մորեղբորը, ասել, որ շտապ գործ ունի նրա հետ, այնուհետև հեռախոսը թողել է տանը եւ իջել բակ, ու դրանից հետո նրան գտել են ավտոտնակում՝ շարֆով կախված: Այս մասին NEWS.am-ին պատմեց մահացածի հարևաններից մեկը:

 

«Քեռուն է զանգել վերջին անգամ ու ասել, որ իրենց տուն գա. հետը շտապ գործ ունի, քեռին էլ ասել է, որ հետո կգա, Հրոն ասել է, որ հետո ուշ կլինի և հեռախոսն անջատել է»,- պատմեց աղբյուրը՝ նշելով, որ դրանից հետո էլ քեռու զանգերին չի պատասխանել:

 

Հրանտի մորեղբայրը շտապել է նրանց տուն, սակայն տղային չի գտել տանը: Հրանտի եղբոր հետ երկար ժամանակ փնտրելուց հետո 16։30-ից 17։00-ի սահմաններում նրան գտել են ավտոտնակում։ Հրանտի սիրտն այդ պահին դեռ աշխատել է, հասցրել են հիվանդանոց, սակայն տղայի կյանքը փրկել չի հաջողվել:

 

Թալինցիները չեն հասկանում, թե ինչն է 15-ամյա Հրանտին նման քայլի դրդել. «Շատ ապահովված ընտանիք, խելացի, գերազանց սովորող երեխա, ուղղակի չենք հասկանում, ինչի նման քայլի դիմեց»: Հիշեցնենք, որ Հրանտը Թալինի նոտարի թոռնիկն է։ Հարեւանները պատմեցին որ ծնողները թեւ ամուսնալուծված են, բայց հոր հետ կապ ունեին եւ լավ հարաբերությունների մեջ էին։ Մայրը շատ ուշադիր եւ հոգատար էր։

 

Դեկտեմբերի 15-ին Հրանտին հուղարկավորել են։

 

Ավելի վաղ ոստիկանությունից NEWS.am–ին ասել էին, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: