Ձյան առատ տեղումներից հետո Ճանապարհների անցանելիությունը ստուգելու, ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Շիրակի և Արագածոտնի մարզեր:

 

Երկու մարզերի ճանապարհները սպասարկող ընկերությունների ղեկավարները նախարարին ներկայացրին ճանապարհների մաքրման աշխատանքների ընթացքը, ինչպես նաև առաջացող խնդիրներն ու դժվարությունները:

 

Նրանք նշեցին, որ իրենց ենթակայության տակ գտնվող ճանապարհները սպասարկելու համար ունեն անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա, աղ ու ավազ: Աշխատանքները կազմակերպվում են շուրջօրյա ռեժիմով:

 

Հիմնական դժվարությունները կապված են եղանակային պայմանների կտրուկ փոփոխություններով, քանի որ լեռնային գոտիներում բուքը, ցածր տեսանելիությունը երբեմն թույլ չեն տալիս աշխատանքները լիարժեք կազմակերպել:

 

Ճանշինների տնօրենների փոխանցմամբ՝ փակ ճանապարհներ գրեթե չեն եղել, քանի որ ինտեսիվ և կազմակերպված աշխատանքների արդյունքում կարողացել են ապահովել մեքենաների բնականոն երթևեկը:

 

Գագիկ Բեգլարյանն ընդհանուր առմամբ գոհ էր ճանշինների կատարած աշխատանքների արդյունքներից, չնայած որոշ թերացումներին։

 

Նա նշեց, որ թեև ճանշինները հիմնականում կարողացել են կատարել իրենց առջև դրված խնդիրը՝ ապահովել ճանապարհների անցանելիությունը, սակայն, օրինակ, Ապարանով անցնող ճանապարհի մի հատվածում մաքրման աշխատանքները թերի էին:

 

Գագիկ Բեգլարյանը հանձնարարեց ավելի արդյունավետ դարձնել ճանապարհների մաքրումը, ժամանակին ապահովել աղով և ավազով մշակումը: