Կրթության և գիտության նախարարությունը մինչ օրս ստուգումներ չի իրականացրել Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում: «Տեղյակ չեմ' ինչ է եղել, ու տնօրենին չեմ կարողանում միանալ»,- Hetq.am հետ զրույցում ասաց ՀՀ կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նախարարությունը Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին իմացել է մամուլի հրապարակումից հետո: «Նախ ուզում եմ զանգել տնօրենին և պարզել' ինչու մինչև հիմա մենք չգիտենք դեպքի մասին, ու ինչու թերթից իմացանք, սովորաբար մենք արագ ենք իմանում, մեզ իսկույն զանգում ու տեղյակ են պահում, երբ նման դեպք է լինում: Իմանանք, միգուցե իսկապես դասերից հետո է եղել դեպքը, չնայած իր աշակերտն է, հիվանդանոց է ընկել, դժվար ինքը իմացած չլիներ դեպքի մասին»: Դպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանը զանգերին չի պատասխանում: Նարինե Հովհաննիսյանը չի կարողանում կապվել և պարզել այն, ինչ մեզ հայտնեց:
Նարինե Հովհաննիսյանի հետ խոսեցինք նաև քիչ ուշ' պարզելու համար կարողացավ կապվել տնօրենի հետ, թե ոչ: «Չէ, չի պատասխանում, իրենք երբ չեն պատասխանում, հետո իսկույն ինձ զանգում են, - ասաց Հովհաննիսյանը և մեզ հետ զրույցի ընթացքում էլ զանգեց տնօրենին,- ահա, տեսեք, չի վերցնում»:
Ի՞նչ է պատրաստվում անել նախարարությունը, եթե այդպես էլ տնօրենը զանգերին չպատասխանի. «Եթե չպատասխանի, պիտի գտնեմ իրեն, ոնց ուզում է, լինի: Ասենք, կզանգեմ հարևան դպրոց, իրենց կրթության վարչության պետին, ինչ-որ ձև կգտնեմ իր հետ կապվելու: Չգտնել չի լինի»: Արդյոք նախատեսում են այցելել դպրոց և տեղում պարզել դեպքի հանգամանքները, իրականցնել ստուգումներ' Ն. Հովհաննիսյանը պատասխանեց, որ եթե արդեն իրավապահներն են խառնվել գործին, չեն այցելի դպրոց: Տնօրենի հետ խոսելու և նոր մանրամասներ իմանալու դեպքում Ն. Հովհաննիսյանը խոստացավ տեղեկացնել: