Վերջին 10 օրվա ընթացքում հանրապետության բոլոր վայրերում, մասնավորապես՝ Գորիսում, տեղումներն առատ են եղել: Ու թեև մի քանի օր է, ինչ ձյունը դադարել է, սակայն ճանապարհները շարունակում են ամբողջությամբ պատված մնալ մերկասառույցով՝ դժվարացնելով մեքենաների և հետիոտնի տեղաշարժը:

 

Այս ընթացքում քաղաքի սառցակալած մայթերում 10 հոգի ընկել ու կոտրվածք է ստացել: Այս մասին հայտնել է Գորիսի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Գոռ Շեգունցը: «Դեկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում 10 քաղաքացի է դիմել՝ վերին և ստորին վերջույթների կոտրվածքներով: Սալջարդերի վնասվածքով ևս դիմում են, բայց այն չենք գրանցում: Եթե կոտրվածքների թվին ավելացնենք նաև սալջարդերը, ապա դիմողների թիվն անհամեմատ մեծ կլինի»,- Hetq.am-ին ասել է բժիշկը: Նա նաև հավելում է, որ դիմողների 60 %-ը տղամարդիկ են:

 

Գորիսում սանմաքրման աշխատանքներն իրականացնում է «Գորիս ՏՆՏ» ՓԲԸ-ն: Ընկերության տնօրեն Սեյրան Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկա պահին փողոցներում մաքրման աշխատանքներ են իրականացվում: «Այս 8 օրերի ընթացքում մոտ 15 մեքենա ավազ ենք ցանել ճանապարհներին, աղ չենք ցանում, վարորդները բողոքում են, որ աղը մեքենանների անվադողերը շարքից հանում է»,- նշում է Ս. Գևորգյանը:

 

Հակառակ տնօրենի հավաստիացումներին՝ դեկտեմբերի 11-ին տեղացած ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու համապատասխան մարմինների ծառայությունները նկատելի չեն, քանի որ մերկասառույցը շարունակում է խանգարել մարդկանց ազատ տեղաշարժվելուն: Մնում է միայն հյուսներս դնենք արևի «գթասրտությանը»: