Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հիասթափված է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և տրանսպորտի վարչության պետ Արթուր Գևորգյանի հայտարարությունից, թե հունվարի 1-ից հասարակական տրանսպորտի սակագինը չի բարձրանա, քանի որ դեկտեմբերի վերջին նախատեսված հանձնաժողովի նիստը տեղի չի ունեցել։

 

«Փաստորեն մեր գլխի տակ փափուկ բարձ են դրել։ Եթե այդպիսին է իրավիճակը, նշանակում է, որ այդ մարդիկ այս ողջ ընթացքում քեզ օգտագործել են, մի խոսքով՝ վատ տրամադրություն ունեմ հիմա ես»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Հրանտ Եղիազարյանը դեռևս չի կարող ասել, թե տրանսպորտի երթևեկությունը դադարեցնելու՝ ավելի վաղ հայտարարված բողոքի ակցիան կիրականացնեն, թե ոչ։ «Դեռ միության անդամներով կհավաքվենք և կտեսնենք մեր անելիքները։ Դա միանձնյա չի որոշվում։ Վաղը կամ մյուս օրը կհանդիպենք և կորոշենք՝ որոնք են լինելու մեր քայլերը»,-ասաց նա։

 

Փոխադրողների միության նախագահը հիշեցրեց, որ իրենց քաղաքապետարանից պատասխան են ուղարկել, թե դեկտեմբերին հանձնաժողովի վերջին նիստը կլինի և կորոշվի, թե ինչքան սակագին է սահմանվում։

 

«Քաղաքապետարանից պատասխան արդեն ստացել էինք, և ասում էին, որ հանձնաժողովի հերթական նիստը, հավանական է, կկայանա մինչև տարեվերջ, կքննարկվեն ուսումնասիրության արդյունքները և ուղևորավարձի սակագնի ձևավորման մեխանիզմները»,-ասաց նա։

 

Դիտարկմանը, թե դա նշանակու՞մ է, որ որոշումը պետք է լիներ հունվարից, Հրանտ Եղիազարյանը պատասխանեց, թե ճիշտ չէ ամսաթիվ հայտարարելը, բայց իրենք բոլորն էլ ամեն օր դրան են սպասում։ Ըստ նրա, վերջին նիստին պետք է ներկայացվեր միջինացված ուղևորահոսքը և ըստ այդմ էլ գինը որոշվեր։

 

«Չէին կարող այդպես վարվել, նախ ոչ ոք իրավունք չունի նիստից առաջ հայտարարել, թե այսպես է լինելու կամ այնպես է լինելու, որովհետև դրանից առաջ ուղղորդում են հանձնաժողովի անդամներին՝ մասնագետ չլինելով»,-ասաց նա։