Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2013 թվականին շարունակել է իր ակտիվ գործունեությունը՝ բացահայտելով գերիշխող դիրքի չարաշահման բազմաթիվ դեպքեր: Այդ մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում նշեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Բացահայտվել են խախտումներ դեղերի ներմուծման և իրացման, ջրամատակարարման, երկաթուղային տրանսպորտի, քաղաքային հեռախոսակապի, միջմարզային ուղևորափոխադրումների բնագավառներում: Չարաշահող տնտեսվարողները ենթարկվել են խիստ պատասխանատվության: Բացահայտվել են նաև հակամրցակցային համաձայնության բազմաթիվ դեպքեր, մասնավորապես, պետական գնումների ոլորտում 8 տնտեսվարողներ ենթարկվել են խիստ պատասխանատվության»,- ասել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը:
Արտակ Շաբոյանի տեղեկացմամբ՝ այդ տնտեսվարողները գալով հակամրցակցային համաձայնության՝ բավականին բարձր գներով ապրանքներ են վաճառել սոցիալական ոլորտների մի շարք հիմնարկների, մեծ վնաս հասցնելով պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործմանը: Պետական գնումների ոլորտում մեծ դերակատարություն ունեցող այդ ընկերությունները տուգանվել են 40 մլն դրամով:
Տարվա ընթացքում բացահայտվել են նաև անբարեխիղճ մրցակցության բազմաթիվ դեպքեր, երբ տնտեսվարողների զեղչերը չեն համապատասխանել իրականությանը, շատ դեպքերում այդ զեղչերը վերաբերել են 1-2 ապրանքատեսակների:
Արտակ Շաբոյանը վստահեցրել է, որ իրենք շարունակելու են հետևել ռիսկային շուկաներին, որտեղ գործունեություն են իրականացնում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավորղներ:
Մրցակցության ոլորտը բարելավելու նպատակով իրականացվել են նաև օրենսդրական փոփոխություններ: