Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է բռնաբարության փորձի մեջ մեղադրվող 50-ամյա տղամարդուն


Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքով շուրջ 5 ամիս կալանավորված Սարգիս Ավետիսյանին արդարացրել ու ազատ է արձակել: ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն արդարացվել է' արարքում հանցակազմի բացակայության պատճառով:

 

Դատարանը գտել է, որ Սարգիս Ավետիսյանի արարքում բացակայում է համագյուղացի Ժաննա Քաջոյանի նկատմամբ բռնաբարություն կատարելու հանցագործության հատկանիշները, հետևաբար' նաև հանցակազմը, ինչը հիմք է տալիս ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում նրան ճանաչել անպարտ և արդարացնել: Դատարանը որոշել է հանել Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը և անհապաղ ազատ արձակել դատական նիստի դահլիճում:
Առաջին ատյանի դատարանը, վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացում հետազոտված ապացույցներն ու գործի հանգամանքները, առաջադրված մեղադրանքը հաստատված չի համարել և գտել է, որ Ավետիսյանին պետք է ճանաչել անմեղ ու նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: Համաձայն դատարանի որոշման' ՀՀ քրեական օրենսգրք 138-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բռնաբարության հանցակազմը (բռնաբարությունը տղամարդու սեռական հարաբերությունն է կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ), չի ապացուցվել: Դատարանը գտել է, որ բռնաբարության հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ մինչև բռնության գործադրումը կամ դրա ընթացքում կնոջ դրսևորած վարքագիծը վկայի տվյալ անձի հետ հարաբերության մեջ մտնելու նրա ցանկության բացակայությունը: Քրեական գործի ողջ քննության' նախաքննությամբ և դատաքննությամբ տված ցուցմունքներով, ամբաստանյալ Ավետիսյանը պնդել է, որ ինքը բռնաբարություն չի կատարել և տուժող Ժաննա Քաջոյանի հետ սեռական հարաբերություն չի ունեցել:

 

Դատաբժիշկ-փորձագետի եզրակացության համաձայն' Սարգիս Ավետիսյանի մարմնական վնասվածքները' բազուկների և աջ ազդրի շրջանի արյունազեղումների ձևով, հասցվել են բութ, կոշտ առարկայի ներգործությունից. հնարավոր է' նշված ժամկետում ու հանգամանքներում: Մեկ այլ եզրակացության համաձայն' Ժաննա Քաջոյանի մարմնական վնասվածքները' դեմքի կրծքավանդակի, գոտկային շրջանի, վերին և ստորին վերջույթների տարբեր հատվածների բազմակի արյունազեղումների, քերծվածքների, մարմնի տարբեր մասերի սալջարդ ձևով, կրկին հասցվել են բութ, կոշտ առարկայի ներգործությունից: Ժաննա Քաջոյանի' փորձաքննության ներկայացված վարտիքի վրա տեղակայված կասկածելի հետքերում հաստատվել է արյան առկայություն, որը պատկանում է մարդու և կարող էր առաջանալ հենց իրենից: Փորձաննքության է ներկայացվել նաև տիկնոջ մոխրագույն վելյորանման կտորից վերնաշապիկի առաջային և հետին ստորին մակերեսներին հայտնված սերմնահյութի առկայությունը, որը կարող էր առաջանալ Սարգիս Ավետիսյանից: Իսկ տիկնոջ վարտիքի, կրծկալի, անդրավարտիքի, ծածկոցի վրա տեղակայված կասկածելի հետքերում սերմնահյութ չի հայտնաբերվել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել նաև, որ տուժող Քաջոյանի սեռական օրգաններից վերցված նմուշներում սերմնաէակներ չեն հայտնաբերվել: Վերջինս հանձնել է նաև թքի և արյան նմուշներ, իսկ ամբաստանյալ Ավետիսյանը' մատների և ձեռքերի գծանախշերի, արյան, թքի և սերմնահեղուկի նմուշներ:


Դատարանը փաստել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն' հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա. այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Հիմնվելով քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների վրա' դատարանը չի հանգում այն հետևության, որ ամբաստանյալ Սարգիս Ավետիսյանը սեռական հարաբերություն է ունեցել համագյուղացի Ժաննա Քաջոյանի հետ: Ամբաստանյալի մեղքը փաստում է միայն տուժողի նախաքննական ցուցմունքն այն մասին, թե իբր Ավետիսյանը դեպքի օրն իր հետ ունեցել է սեռական հարաբերություն: Սակայն այդ ցուցմունքը դատարանը համարում է անարժանահավատ, քանի որ տուժողը դատարան է ներկայացրել դիմում-հայտարարություն' նշելով, որ 2012թ-ի հուլիսի 20-ին իր և Ավետիսյանի միջև որևէ ձևի սեռական հարաբերություն տեղի չի ունեցել: Այդ ամենը նա պնդել է նաև դատաքննության ընթացքում: Քաջոյանը պատմել է, որ Ավետիսյանն իր տուն է գնացել խմած վիճակում, իրենց միջև եղել է վիճաբանություն' կենցաղային հողի վրա: Նա պնդել է, որ քննչական բաժնում ցուցմունքը գրել է քննիչի թելադրանքով, իսկ մինչ այդ նրան պատմել էր եղածի մասին և հայտնել, որ նրա մոտ է գնացել ոչ իր ցանկությամբ, այլ աղջկա' Ալինա Քաջոյանի դրդմամբ:


Մեղադրող կողը դատաքննության ընթացքում որպես ապացույց է համարել մատնադրոշմային փորձաքննության եզրակացությունն այն մասին, որ դեպքի վայրի զննության ժամանակ առգրավված իրեղեն ապացույցներից մեկի' կոնյակի շշի վրայի մատնահետքը համընկնում է ամբաստանյալի աջ մատնեմատի մատնադրոշմի հետ, ինչը փաստում է, որ ամբաստանյալը եղել է նրա տանը: Ներկայացվել են նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն այն մասին, որ Սարգիս Ավետիսյանի և Ժաննա Քաջոյանի մարմնի վրա գործի նշված ժամկետներում առկա են մարմնական վնասվածքներ, ինչը, սակայն, չի ապացուցում, որ ամբաստանյալի և տուժողի միջև եղել է սեռական հարաբերություն:


Դատարանը գտել է, որ մեղադրող կողմի հետևությունները հիմնված են չփարատված ենթադրությունների վրա, որն այլ ապացույցներով չի հաստատվել, հետևաբար այն պետք է դիտել որպես չփարատված կասկած և մեկնաբանել հօգուտ ամբաստանյալ Ավետիսյանի:


Հետևաբար չի կարող իրականացվել քրեական հետապնդում, իսկ հարուցված գործի վարույթը հանցակազմի բացակայության դեպքում ենթակա է կարճման:


Սարգիս Ավետիսյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ Ժաննա Քաջոյանի հետ շուրջ 12 տարի եղել է արտամուսնական կապերի մեջ: 2012թ-ի հուլիսի 20-ին ինքը օգտագործել է ոգելից խմիչք, որից հետո գնացել է Ժաննայի տուն: Դուռը բացելուց այն դիպչել է Ժաննայի դեմքին, որից էլ վիճաբանություն է առաջացել: Ինքը տիկնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն է ունեցել, սակայն չի կարողացել և հանգստացել է նրա հետ հպվելու ընթացքում: Երբ ցանկացել է պահարանից վերցնել կոնյակը և խմել, Ժաննա Քաջոյանը չի թույլատրել, ինքն էլ համաձայնվել է և մոտավորապես 10 րոպե անց դուրս է եկել նրա տանից:


Սարգիս Ավետիսյանը ձերբակալվել է 2012թ-ի հոկտեմբերի 3-ին, իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նույն թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ' նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը' 2 ամիս ժամկետով:


Նախաքննության մարմնի կողմից 2012թ-ի հոկտեմբերի 5-ին Սարգիս Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2012թ-ի հուլիսի 20-ին, ժամը 20-ի սահմաններում, սեռական հարաբերություն ունենալու նպատակով, ալկոհոլ օգտագործած վիճակում, այցելել է համագյուղացի Ժաննա Քաջոյանի բնակարան, որտեղ մերժում ստանալով վերջինիս վայր է գցել հյուրասենյակի թախտին, քաշելով հանել շորերը, պատռել կրծկալը: Քաջոյանը դիմադրել է, սակայն Ավետիսյանը, ցանկանալով հաղթահարել դիմադրությունը, շարունակել է իր գործողությունները և բռնություն գործադրելով' ձեռքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, վերջինիս կամքին հակառակ բռնի սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:


Մեղադրող կողմն Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան, ինչն էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը համարել է օրինական, իսկ դատախազի վերաքննիչ բողոքը' մերժել: Այն օրինական է համարել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը:

 

Նյութում տեղ գտած անձնանունները փոփոխված են