Գյումրիում 6 մետրանոց փոքրիկ տնակում 6 անձով բնակվող Մովսիսյանների ընտանիքին ամանորյա անակնկալ էր սպասվում:
Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ից հայտնում են որ «Քաունթերփարթ ինթերնեշնլ Արմենիա» միջազգային կազմակերպության աշխատակիցները ցանկություն էին հայտնել Ամանորի նախաշեմին իրենց աշխատավարձերից նվիրաբերած գումարներով օգնել սոցիալական ծանր պայմաններում բնակվող գյումրեցի այս անօթևան ընտանիքին' տրամադրելով ինչպես առաջին անհրաժեշտության կենցաղային իրեր, այնպես էլ վառելափայտ և ամանորյա սեղանին անհրաժեշտ մթերք:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները ևս միացել են կազմակերպության բարեգործական ձեռնարկին և գործընկերների կողմից տրամադրված ձմեռային հագուստ ու համակարգիչ են նվիրել Մովսիսյանների ընտանիքին:
«Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն ներկայացրել է տեսանյութ՝ Մովսիսյանների բազմանդամ ընտանիքի ապրելակերպի և բարեգործական ձեռնարկի մասին: