Ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը Նոր տարին, ինչպես միշտ, անց է կացնում իր տանը, իր երկրում: Նա ասում է, որ դեռ այդպիսի դեպք չի եղել, որ ինքն այդ օրը դուրս գա Հայաստանից: «Ես այդպիսի ձևական բաներ չեմ սիրում, Նոր տարին պետք է քո տանը նշես»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: Խոսելով երկրում տիրող իրավիճակին' Սասուն Միքայելյանը նշեց, որ այն տղաները, ովքեր իրենց կյանքը դրեցին զոհասեղանին, բնավ այս Հայաստանը չէին ուզում:

 

-Ամփոփելով անցնող տարին՝ որքանո՞վ էր այն բարենապաստ հատկապես այս տարի կրկին պայքարի դուրս եկած ազատամարտիկների համար:

 

- Իբր ազատամարտիկներն ի՞նչ կարգավիճակում են եղել, որ անցած տարին լավ լիներ կամ վատ: Ոչ մի բան էլ չի փոխվել: Ձեռքբերումներ միայն կլինեն համախմբման դեպքում, երբ բոլոր ազատամարտիկները համախմբվեն ու գիտակցեն, որ այսօր ժամանակն է կանգնելու այս իշխանության դեմ: Ի՞նչ տարբերություն, էսօր պայքար է ներսում, և պետք է պայքարենք ու հաղթենք: Ներկայիս իշխանությունները մեր ազատագրած տարածքները, մեր երկիրը ծախում են բառիս բուն իմաստով, հայոց օջախն է քանդվում, դրա համար մենք պարտավոր ենք: Այն տղաները, ովքեր իրենց կյանքը դրեցին զոհասեղանին, բնավ այս Հայաստանը չէին ուզում:

 

-Անկախությունից ի վեր ո՞ր տարին եք երկրի համար ամենաբարեբերը համարում:

 

- Երբ Վազգեն Սպարապետը մեզ հետ էր: Մենք հասկանում էինք, որ հայրենիք ենք կառուցում, շենացնելու էինք մեր երկիրը, բայց նրանից հետո բարիքը գնաց, չարիքը եկավ այս երկիր: Այսօր ժողովուրդը ոչ մի բանի չի հավատում: Մինչև 1994 թիվը պատերազմական վիճակ էր երկրում, բայց հավատ կար, մարդիկ սպասում էին վաղվա օրվան, բայց, ցավոք սրտի, վաղվա օրն ավելի դաժան եղավ: Վազգենից հետո անիվը սկսեց հակառակ պտտվել, այն հաղթանակած ժողովուրդը, որ պետք է նորմալ ապրեր այս երկրում, չտեսանք, մահացավ հավատն այս երկրի հանդեպ: Դժբախտությունն էլ դրա մեջ է: Դեմիրճյանի, Վազգենի կորստով, անկասկած, կանգնեց երկրի առաջընթացը, երկիրն իր բնական հունից դուրս եկավ: Դրանից հետո ի՞նչ արվեց, արհեստական, որի դառը պտուղներն այսօր մենք ազգովի քաղում ենք:

 

-Այդուհանդերձ երկրի համար ի՞նչ դրական ակնկալիքներ ունեք:

 

- Ես, չգիտեմ ինչու, լավ եմ տրամադրված, որ նոր տարին դեռ լավ կլինի այս ժողովրդի համար, որովհետև չի կարող սրանից ավելի վատ լինել: Սրանից ավել ինչ պիտի լինի: Ժողովրդին համախմբվածություն ու հավատի վերականգնում եմ ցանկանում: Ինչ մտածել ենք այն ժամանակներում, երբ սկսեցինք Արցախյան շարժումը, թող այս տարի կատարվեն: Մեր բոլոր հաղթանակները ոչ միայն մեր օրերում, այլ նաև պատմականորեն եղել են մեր համախմբվածության արդյունքում: Մի տեսակ ազգի մեջ նոր ազգ է ծնվել, որոշ մարդիկ ճնշում են որոշ մարդկանց, արհեստականորեն հարստանում են՝ անտեսելով այսօրվա աղքատությունը, ժողովրդի արհամարհված վիճակը: Այսօր հաղթանակած ժողովրդին վայել չի նման ապրելակերպը:

 

-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր լավատեսությունը:

 

-Իմ հավատով, ես հավատում եմ, վերջ ի վերջո, այս ժողովուրդը կհաղթի: Ժամանակն է սթափվելու, թե չե վաղը շատ ուշ կլինի, էլ չենք կարող ետ կանգնել, եթե այս կարգավիճակով շարունակենք, կգլորվենք անդունդ: Էլ մարդ չի մնա այս երկրում, կարող է մի հայ մնալ, այն էլ թանգարանում:

 

-Նոր տարում Դուք ի՞նչ պլաններ ունեք, որոնք կյանքի կկոչվեն:

 

- Իշխանափոխություն: Միմիայն իշխանափոխություն: Իշխանությունն իր ժողովրդով է իշխանություն, այսօր այս իշխանությունը ժողովրդից կտրված է, բայց երբեք իշխանություն չի կարող լինել առանց ժողովրդի: Ցանկանում եմ, որ այս տարի ամեն ինչ լինի ժողովրդի քվերակության, ժողովրդի ցանկության արդյունքում, ոչ թե բռնության, կամ ինչ-որ ուժերի ճնշման ներքո: Մենք այսօր ստրկությունից գնում ենք դեպի ստրկամտություն, ամենադաժանը հենց դա է, ցանկանում եմ, որ մարդիկ այդ վիճակից դուրս գան:

 

-Միայն իշխանափոխությամբ կլուծվե՞ն այդ խնդիրները:

 

- Ես չեմ կարծում, որ այս իշխանությունները կփոխվեն, եթե փոխվող լինեին, մի համակարգային փոփոխություն կանեին: Նրանք պետք է հեռանան: Ես լավատեսորեն եմ տրամադրված, 2014-ին կլինի նոր Հայաստանի սկիզբը: