Փաստաբան Ինեսա Պետրոսյանից տեղեկացանք, որ 16 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի վիճակն այսօր վատացել է, և նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց:

 

Ինեսա Պետրոսյանը փոխանցեց, որ երեկ կալանավայր իր այցելության ժամանակ էլ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը վատ է եղել, նրան տեսել է հյուծված, նիհարած և ընկճված վիճակում։ Այնուհանդերձ, Հարությունյանը հացադուլը դադարեցնելու մտադրություն չի ունեցել:

 

Հիշեցնենք, Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ի բախումների գործով կալանավորվածներից մյուս երկուսի՝ Վահե Մկրտչյանի ու Լիպարիտ Պետրոսյանի արդեն երկու շաբաթից ավելի շարունակվող հացադուլի պատճառը ընտանիքների հետ տեսակցությունների վրա դրված արգելքն է: Կալանավորման պահից՝ արդեն երկու ամսից ավելի, նրանք հնարավորություն չունեն նույնիսկ հեռախոսով զրուցել հարազատների հետ։

 

«Ազատության» հետ զրույցում փաստաբանն ասաց, թե իր պրակտիկայում չի հիշում կալանավորվածների հետ տեսակցությունները տևական ժամանակ արգելելու նման որևէ այլ դեպք։ Շանթ Հարությունյանը ևս տարակուսած է:

 

«Մատնանշում է, որ նույնիսկ «Մարտի 1»-ի գործով, երբ կային այդքան զոհեր, այդ արգելանքները տևեցին 3-4 շաբաթ, իսկ այս դեպքում չգիտես ինչու այսպիսի լուրջ խնդիրներ կան, այսինքն ամբողջությամբ կտրված է արտաքին աշխարհից», - նշեց փաստաբանը:

 

Հարցին, թե՝ արդյոք խոսե՞լ է քննչական մարմնի ներկայացուցիչների հետ, նրանք ինչպե՞ս են հիմնավորում այս արգելքը, Ինեսա Պետրոսյանը պատասխանեց, որ դեկտեմբերի կեսերին Շանթ Հարությունյանի հետ դիմում են պատրաստել ու հենց մեկուսարանից ուղարկել են, սակայն երեկ քրեակատարողական հիմնարկում պարզել է, որ Շանթ Հարությունյանը մինչ օրս որևէ պաշտոնական պատասխան չի ստացել:

 

«Ոչ մի հիմնավորում չկա, որովհետև դա անօրինականություն է. չի կարող ուղղակի լինել հիմնավորում։ Պատճառը իր նկատմամբ անօրինական հետապնդումն է, երևի՝ քաղաքական հայացքների հետ կապված»,- մեկնաբանեց Պետրոսյանը։

 

Շանթ Հարությունյանի մտահոգության մյուս առիթը դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը չհրապարակելն է։ Հիշեցնենք, նա դեկտեմբերի 10-ին հոգեբուժարանից վերադարձավ քրեակատարողական հիմնարկ, և թեև, ըստ օրենքի, քննիչի կողմից փորձագետի եզրակացությունն ստանալու օրվանից 10-ն օրվա ընթացքում մեղադրյալն իրավունք ունի այդ եզրակացությանը ծանոթանալ, ըստ փաստաբանի, ոչ քննիչից, ոչ այդ եզրակացությունից որևէ տեղեկություն չունեն:

 

Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այստեղ դիտավորություն էր տեսնում:

 

«Ինչ որ միտում եմ տեսնում, քանի որ արդեն մոտ մեկ ամիս է Շանթը հոգեբուժարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, ու եզրակացությունը չկա։ Իրենց հետ քննչական ոչ մի գործողություն չեն անում. ոչ միայն Շանթի, այլև մյուս տղաների հետ։ Ուղղակի նրանց պահում են այնտեղ ու վերջ»,- մտահոգված էր Բադալյանը։

 

Մանրամասն' այստեղ: