Արմավիր մարզի բնակիչ 28-ամյա Հովհաննես Վ.-ն մեղադրվում է անչափահասի աղջկան հղիացնելու մեջ:
Գործի նյութերի համաձայն՝ 28-ամյա Հովհաննես Վ.-ն, 2013թ. օգոստոսից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել ակնհայտ 16 տարին չլրացած Էջմիածին քաղաքի բնակչուհի Ա. Խ.-ի հետ եւ հաջորդ օրերի ընթացքում սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ:
Այնուհետեւ 2013թ. նոյեմբերին Ա. Խ.-ն բուժհետազոտման է ենթարկվել «Վաղարշապատի կանանց կոնսուլտացիա» ՊՓԲԸ-ում եւ նրա մոտ ախտորոշվել է 14-15 շաբաթական հղիություն:
Այսինքն' Հովհաննես Վ.-ն մեղադրվում է ՀՀ քր.օրի 141 հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ' սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-250-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ' առավելագույնը 2 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Դատական առաջին քննությունը նշանակվել է հունվարի 13-ին: