Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը ստացել է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013թ. երկու որոշումները՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ. եւ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.11.2013թ. որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով «Բարեւ Երեւան» խմբակցության զույգ վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին:

 

«Բարեւ Երեւան» խմբակցությունն արձանագրում է, որ հասարակության օրինական շահերը պաշտպանելու իր պարտականությունը եւ ավագանու խմբակցությանը օրենսդրորեն վերապահված իրավունքը չի կարողացել իրացնել դատական համակարգի իսպառ բացակայության ու կոռումպացվածության պատճառով, որի մասին տարեվերջին վկայեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանն իր արտահերթ զեկույցում:

 

Արձանագրում ենք, որ Վարչական դատարանը երկու անգամ՝ 14.08.2013թ. եւ 24.09.2013թ. անհիմն պատճառաբանություններով հրաժարվել է վարույթ ընդունել «Բարեւ Երեւան» խմբակցության հայցադիմումները եւ դրանք ետ է վերադարձրել:

 

ՀՀ վարչական դատարանը թեպետ հայտնել է, թե վարույթ է ընդունել նույն խնդրով «Բարեւ Երեւան» խմբակցության երկու վերաքննիչ բողոքները, սակայն դատաքննություն եւ արդարադատություն փաստացի չի իրականացրել եւ 11.11.2013թ. որոշումներով կրկին մերժել է բողոքները:

 

ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես 27.12.2013թ. որոշել է քննության չառնել երկու վճռաբեկ բողոքները ու դրանք ետ է վերադարձրել:

 

Այդպիսով, ՀՀ դատական ատյաններից ոչ մեկը արդարադատություն չի իրականացրել, միասնաբար խախտել են մասնավորապես Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները՝ հանրությանը, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությանը զրկելով դատարանի հասանելիությունից:

 

«Բարեւ Երեւան» խմբակցությունը սույն ակնհայտ փաստի վրա է հրավիրում ՀՀ արդարադատության խորհրդի ուշադրությունը եւ պահանջում կարգապահական վարույթ հարուցել այս գործով որոշումներ արձակած ու դատական հասանելության սկզբունքը խախտած բոլոր դատավորների՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Ե.Խունդկարյանի /նախագահող դատավոր/, Ե.Սողոմանյանի, Վ.Աբելյանի, Վ.Ավանեսյանի, Մ.Դրմեյանի, Գ.Հակոբյանի, Է.Հայրիյանի, Տ.Պետրոսյանի հանդեպ:

 

«Բարեւ Երեւան» խմբակցությունը սույն աղաղակող փաստի վրա է հրավիրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը, ով բուռն քննադատության թիրախ դարձավ իր հրապարակած արտահերթ զեկույցի գնահատականների համար, ինչպես նաեւ՝ ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունը, ով պահանջեց դատարանների կոռումպացվածության վերաբերյալ գեթ մեկ փաստ տրամադրել:

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցով «Բարեւ Երեւան» խմբակցությունը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի իր ձեռնարկելիք քայլերի մասին: