«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը Երևանում անցյալ տարվա նոյեմբերի 5-ի դեպքերի գործով քննչական խմբի ու դրա ղեկավար Տոնոյանի դեմ բացարկի միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ի.Պետրոսյանը: Շ.Հարությունյանի համոզմամբ՝ իր դեմ սադրանքի հետևանքով միջադեպի գործը չի կարող քննել ոստիկանությունը, քանի որ հիշյալ իրավապահ մարմնի ներկայացուցիչը՝ ոստիկանը, գործով կողմ է, մասնավորապես՝ տուժող:

 

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի՝ Քննչական ենթակայությունը, 6-րդ կետի համաձայն՝ «անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր», որոնցով, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք ճանաչված են որպես տուժող: