«Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ամփոփել է 2013 թվականի ՀՀ Արտաքին քաղքականությունը».
Արտաքին քաղաքականության հիմնական գործառույթը երկրի զարգացման համար նպաստավոր արտաքին միջավայրի ստեղծումն է: Այսօր ավելի, քան երբևէ՝ կարևոր է հարևան, գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ստեղծել այնպիսի հարաբերություններ, որոնք կերաշխավորեն մեր քաղաքացիների անվտանգությունը, սեփական հողի վրա ստեղծելու, արարելու ցանկությունը: Հայաստանի պարագայում այս ամենին ավելանում է նաև Սփյուռքի ներուժի օգտագործման կարևորությունը, արտերկրից, մասնավորապես՝ Սփյուրքից, ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Ի՞նչ է արել Հայաստանը այս ուղղությամբ, արդյո՞ք մեր քաղաքացու մոտ ավելացել է անվտանգության զգացումը, ապահովությունը, արդյո՞ք ստեղծվել են նպաստավոր պայմաններ ներգաղթ ապահովելու և կործանիչ արտագաղթը կասեցնելու համար: Պատասխանը միանշանակ է՝ ոչ:
Հայաստանը շարունակում է մնալ մեկուսացած, հիմնական տարանցիկ ճանապարհները շրջանցում են մեզ, ծրագրվող նախագծերում նույնպես Հայաստանը չկա: Մենք հետաքրքրություն չենք ներկայացնում միջազգային ասպարեզում, մեզ չեն այցելում եվրոպական պետությունների ղեկավարները, մենք չկանք ժողովրդավարական համերաշխ երկրների շարքում: Այս հարցերով պետք է զբաղվեր ՀՀ ԱԳՆ-ն, որի միակ գործառույթը, սակայն, եղել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների քննադատությունից վարչախմբի պաշտպանությունը, Հայաստանը ինտեգրացիոն գործընթացներից հեռու պահելը և դատարկ թվերով ու խոստումներով ՀՀ բնակչության մոլորեցումը: Իրական պատկերը ավելի քան տխուր է, մեր առջև կանգնած որևէ նշանակալի մարտահրավեր այս վերջին վեց տարվա ընթացքում հաղթահարված չէ:
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը և հայ-թուրքական հարաբերությունները խորը և անհույս փակուղում են: Այսքանով չսահմանափակվելով՝ ռեժիմը նաև նվազագույնի հասցրեց ԵՄ-ի հետ հարաբերությունները, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք հայտնվեցինք միայն տվողի կարգավիճակում: 2013 թ. Հայաստանը զրկվել է ԵՄ կողմից անցկացվելիք դոնորների կոնֆերանսի հնարավորություններից, մենք մերժում ենք ստացել ԱՄՆ Հազարամյակի Մարտահրավեր հիմնադրամից, ձախողվել է եվրոպական ինտեգրացիոն գործընթացը, շեշտակի կրճատվել են ներդրումները մեր երկրում՝ 1,1մլրդ ԱՄՆ դոլարից դրանք իջել են 350-400 միլիոնի:
Եվ սա՝ այն դեպքում, երբ աշխարհում հայությունը տնօրինում է շուրջ 280 մլրդ դոլար: Այս մտահոգիչ փաստերը գրանցվել են այն պայմաններում, երբ մեր աղքատ բյուջեի հաշվին բացվել են մի քանի նոր դեսպանություններ, որոնց հիմնական գործառույթը ներդրումների ներգրավումն է: Ս. Սարգսյանը հասցրեց նաև այս հարցում գրանցել աննախադեպ արդյունքներ՝ նորաբաց դեսպանությունների դեսպանընկալ պետությունների հետ առևտրաշրջանառության անկում է գրանցվել:
Վերոնշյալները Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն էին, որոնք տեսանելի փոփոխություն կբերեին մեր երկրին: Եթե այս հարցերը շրջանցվում են արտաքին քաղաքականության մեր պատասխանատուների կողմից, կարելի է միանշանակորեն պնդել, որ այդ մարդիկ իրենց տեղում չեն, պարզապես ժամանակավորապես զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ՝ վատնելով պետական ռեսուրսները և Հայաստանի զարգացման համար թանկագին ժամանակը:
Հայ-վրացական հարաբերություններ
Հարևանների հետ հարաբերություններում միայն ավելանում են խնդիրները, փոխադարձ անվստահությունը:
Այսպես, Վրաստանի հետ խախտվել է 20 տարի գոյություն ունեցող' պետությունների ղեկավարների փոխայցելությունների ավանդույթը: Երբեմն տարվա մեջ մեր երկու երկրների նախագահները հասցնում էին հանիպել և՛ Հայաստանում, և՛ Թբիլիսիում: Այս տարի փոխայցելություններ տեղի չեն ունենցել: Աշնանը պաշտոններ ստանձնած Վրաստանի նախագահն ու վարչապետը դեռևս չեն հայտնել իրենց ցանկությունը Հայաստան այցելելու վերաբերյալ, ինչը ցավալի փաստ է, հատկապես՝ հաշվի առնելով, որ Վրաստանը արտաքին աշխարհին Հայաստանը կապող միակ հուսալի պետությունն է:
Վրաստանի հետ հարաբերություններում նախկին ջերմությունը չկա, վրաց գործարարները ներդրումներ չեն անում Հայաստանում՝ ի տարբերություն իրենց հայաստանյան գործընկերների: Չի հաջողվել նաև առաջընթաց ապահովել աբխազական երկաթգծի վերաբացման հարցում՝ այս ուղղությումբ բանակցություններ առհասարակ չեն վարվում: Վրաստանը, առհասարակ, որևէ հետաքրքրություն չունի Հայաստանում, իսկ հաշվի առնելով այն, որ 2014թ. Վրաստանը ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը պատրաստվում է դառնալ Մաքսային միության (ՄՄ) անդամ՝ երկկողմ տնտեսական հարաբերություններում անորոշության լրացուցիչ դրսևորումներ են առաջ գալու: Այս առումով առանձնահատուկ կարևոր է լրուցուցիչ ջանքերի գործադրումը՝ հարաբերությունների պատշաճ մակարդակը վերականգնելու, տարբեր մակարդակներում մշտական շփումը վերսկսելու համար:
Հայաստան - Իրան
Հայաստանը միանշանակորեն շահում է Իրանի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխությունից, այն դրական միտումներից, որոնք առկա են Արևմուտք-Իրան փոխհարաբերություններում: Սակայն ի՞նչ է ձեռք բերել Հայաստանն այս ամենից, ի՞նչ օգուտներ ենք մենք արդեն քաղել կամ պատրաստվում ենք հետագայում ստանալ: Բացի լրացուցիչ լարվածությունից, որ առաջացավ Իրանի դեսպանի' գազի վերաբերյալ հայտարարությունից հետո, այլ զարգացում երկկողմ հարաբերություններում չի նկատվում: Ավելին, այս չհասկացվածությունը պատճառ է դառնում ոչ թափանցիկ և ոչ վստահելի հարաբերությունների' գործընկերները իրար հրապարակային չեն կշտամբում: Նման հարաբերությունների պատճառով անցած տարվա ցուցանիշներով մենք ունենք առևտրաշրջանառության գրեթե 10 տոկոսի անկում:
Հայ-թուրքական հարաբերություններ
Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում բացասական միտումները գերիշխում են, նկատվում է փոխվստահության առանց այդ էլ ցածր մակարդակի է՛լ ավելի նվազեցում:
2006–2007 թթ. օրինակով Թուրքիայի դիվանագիտությունը' միջազգային հանրության շրջանում պատրանք ստեղծելու համար, փորձ է անում ոչ մի հեռանկար չունեցող, ձևական շփումներ հաստատել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ՀՀ ներկայացուցիչները խուսափում են դրանցից, որպեսզի Թուրքիայի ստի և աղավաղման ջրաղացին ջուր չլցնեն, որը հնարավորություն է ընձեռում Անկարային խուսափել սահմանը փակ պահելու պատասխանատվությունից: Բազմիցս է ասվել, որ Թուրքիան Հայաստանի հետ ցանկացած շփումը օգտագործում է նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը տապալելու համար, ինչում իրեն մեծապես օգնեցին ՀՀ ներկայիս իշխանությունները (արդեն երրորդ անընդմեջ տարին է, որ որևէ պետություն չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, ավելին, որևէ երկրում չի սկսվել, նախաձեռնվել ճանաչման գործընթաց):
Այս առումով անհասկանալի էր ՀՀ ԱԳ նախարարի որոշումը' հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Երևանում այն պայմաններում, երբ Թուրքիան չի մտցրել որևէ փոփոխություն Հայաստանի նկատմամբ իրականացվող, փաստորեն, թշնամական քաղաքականության (շրջափակումը համարվում է թշնամական գործողություն) մեջ: Վստահաբար, Թուրքիայի դիվանագիտությունը օգտվելու է այդ' ոչ մի դրական հետևանք չունեցող հանդիպումից' նոր թափ հաղորդելով Հայաստանի շրջափակմանն ու 2009թ. սկիզբ առած նախապայմաններով հանդես գալու գործելաոճին:
Այս քաղաքականության հաջողությանը մեծապես նպաստում են ՀՀ ԱԳՆ-ն՝ իր անհասկանալի գործողություններով, հայաստանյան անգլախոս և ռուսախոս այն քաղաքագետներն ու իշխանամետ հասարակական կազմակերպությունները, որոնք փառաբանում էին հայ-թուրքական արձանագրությունները: Հարկ է նկատել, որ արձանագրությունների նախաստորագրումից հետո նոր թափ է ստացել ներմուծումը Թուրքիայից, այսինքն՝ Սերժ Սարգսյանի և Էդուարդ Նալբանդյանի նախաձեռնությունից շահել է միայն Թուրքիայի տնտեսությունը: 2013 hունվար-նոյեմբեր առևտրաշրջանառության ցուցանիշների համաձայն՝ Հայաստանից դեպի Թուրքիա արտահանումը կազմում է 1,5 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար: Թվերը տպավորիչ են:
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց
Մտահոգիչ զարգացումներ են նշմարվում նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Գրեթե երկու տարվա դադարից հետո տեղի ունեցած Սարգսյան- Ալիև հանդիպումը ավելի շատ հարցեր է առաջ բերել, քան նախկինում: Հրապարակային հաղորդագրություններից պարզ չի դառնում, թե արդյոք կողմերը եկե՞լ են համաձայնության, թե ո՞ր փաստաթղթի շուրջ պետք է ընթանան բանակցությունները, թե՞, այնուամենայնիվ, անգամ այս հարցում տարաձայնությունները դեռ հաղթահարված չեն: Զավեշտն այն է, որ Հայաստանը ջանում է բանակցությունները վերադարձնել Մադրիդյան փաստաթղթի շրջանակ, Ադրբեջանն էլ փորձում է ամրագրել իր համար ավելի շահեկան մի փաստաթուղթ, որտեղ ԼՂ կարգավիճակը կանխորոշվում է Ադրբեջանի կազմում:
Ինչպես նախկինում նշվել էր, բացի նրանից, որ չկա համաձայնություն սեղանի վրա դրված փաստաթղթի շուրջ, հիմնավոր տարաձայնություններ կան նաև հանրաքվեի անցկացման և Լաչինի միջանցքի կարգավիճակի վերաբերյալ: Այսպես, կողմերը չեն կարողանում պայմանավորվել հիմնական հարցերի շուրջ. ե՞րբ է անցկացվելու հանրաքվեն, ո՞վ է մասնակցելու հանրաքվեին, ի՞նչ իրավական ուժ է այն ունենալու, ո՞ր մարմինն է անցկացնելու հանրաքվեն, ինչպիսի՞ հարց (էր) է դրվելու հանրաքվեին: Այս հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումներն այնքան հեռու են միմյանցից, որ միայն միամիտները կարող են հավատալ, որ Սերժ Սարգսյանն ու Ի. Ալիևը դրանք կհամաձայնացնեն բանակցային սեղանի շուրջ՝ առանց դրսի գործուն միջամտության: Հեռու գնացող դատողություններ անելու կարիք չկա՝ պարզելու համար, թե հակամարտող կողմերից ո՞ր մեկի դիմադրողականությունն է այս փուլում առավել հզոր:
Նույնքան խնդրահարույց է նաև Լաչինի շրջանի, իսկ ավելի ճիշտ՝ միջանցքի հարցը. Մադրիդյան սկզբունքների 3-րդ եւ 4-րդ հոդվածների համաձայն՝ Լաչինի շրջանը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Մեզ մնում է միայն միջանցք, որի լայնքը ու ապագա կարգավիճակն անհայտ են: Սույնով ամփոփվում է բոլոր շրջանների անհատույց փոխանցումը Ադրբեջանին: Ավելորդ է նշել, որ փասատթղթի դրույթների համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂ որեւէ տարածք հայկական կողմերը չեն ստանում:
Այս մասին բազմիցս գրվել է և, հաշվի առնելով կողմերի դիրքորոշումների տարբերությունը՝ կարելի է վստահությամբ պնդել, որ առաջիկա ամիսներին բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չի լինելու: Հարկ ենք համարում նշել, որ չի լինելու կամավոր առաջընթաց, և Սարգսյան-Նալբանդյան զույգը անելու է ամեն բան՝ գաղտնիության քողի ներքո ձգձգելու համաձայնության գալու գործընթացը՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Միևնույն ժամանակ նշենք, որ ինքնուրույն, ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցում 2013թ. ընթացքում Հայաստանում առաջ եկած բարդությունները մտահոգիչ են դարձնում ԼՂ հարցում առկա փակուղու հեռանկարը: Ինչպես Ս. Սարգսյանը մարտին պնդում էր, որ ռուսները մեզ չեն պարտադրում դառնալ Մաքսային միության անդամ, բայց մի քանի ամիս անց մենք հայտարարեցինք ՄՄ անդամ դառնալու ցանկության մասին, այնպես էլ այսօր Ս. Սարգսյանը կարող է Ղարաբաղի վերաբերյալ մի հայտարարություն անել, և երեք օր անց անել դրան հակառակ մի քայլ: Դրա օրինակը կա՝ հիշենք Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի այն դրույթը, որի համաձայն՝ նա խոստանում էր ապահովել ընդհանուր սահման Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Այսօր սահմանի փոխարեն խոսվում է Հայաստանը ԼՂՀ-ին կապող միջանցքի մասին:
Մաքսային Միությանը անդամագրվելու՝ Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո ԼՂ հարցում կտրուկ բարձրացել է ՌԴ դերակատարությունը: Այնպիսի տպավորություն է, որ Մինսկի խմբի այլ միջնորդներ նույնպես համակերպվել են, որ այս տարածաշրջանում նրանց ազդեցության լծակները, ներգրավվածության մակարդակը զգալիորեն զիջում է Ռուսաստանին, և վերջինիս առաջնորդությունը այլևս չի էլ վիճարկվում: Հաշվի առնելով ՌԴ նախագահի խիստ վերապահումներով վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ մենք պետք է ուշի ուշով հետևենք ստի մեջ մխրճված այս իշխանության յուրաքանչյուր քայլին ԼՂ հարցում:
Թեև իշխանամետ վերլուծաբանները փորձեցին Ս.Սարգսյան-Ալիև հանդիպման որպես դրական զարգացում ներկայացնել հռետորաբանության մեղմացումը, ադրբեջանցիների ռազմատենչ հարձակումները երկար սպասել չտվեցին: Ալիևի վիրավորական գնահատականներին հայկական կողմի (ՀՀ փոխարտգործնախարարի մակարդակով) պատասխանները համարժեք չէին, ինչին հետևեցին Ալիևի հերթական մեղադրանքներն ու անհիմն պնդումները: Առաջիկայում սպասվող բարձր մակարդակի հանդիպումը կրկին տեղի է ունենալու նման բացասական ֆոնի ներքո:
Եվրոպական Միություն
Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Հայաստանի եվրաինտեգրումն ավարտվեց: Այն փոխարինվել է մշուշոտ ձևակերպումներով համագործակցությամբ, որն իր խորությամբ զգալիորեն զիջում է նույնիսկ ԵՄ-Հյուսիսային Աֆրիկայի պետությունների փոխգործակցության մակարդակին: Կրկին հիշեցնեմ, Սերժ Սարգսյանի որևէ խոսքին հավատալը մեծ ճոխություն է քաղաքականությամբ զբաղվողների համար՝ գարնանը նա հայտարարում էր. «մենք շարունակելու ենք այդ ինտեգրացիոն պրոցեսները նաև եվրոպական կառույցների հետ»: Այսօր արդեն ԵՄ-ի հետ ինտեգրացիայի (այսինքն՝ միաձուլման, մի միավորի անդամ դառնալու, միավորման) մասին խոսելն անիմաստ է: Հասկանալի է, որ Հայաստանը չունի խնդիր այլ եվրոպական կառույցների հետ ինտեգրվելու, քանի որ արդեն ԵԽ և ԵԱՀԿ անդամ է, այսինքն՝ եվրաինտեգրացիան կարող է վերաբերել բացառապես ԵՄ-ին:
Սպասվում է, որ գարնանը կմշակվեն ԵՄ հետ համագործակցության նոր ֆորմատներ, որտեղ եվրոպական կառավարման ավանդույթները, արդարադատության համակարգը, պետական և հասարակական ինստիտուտների գործունեությունն ընդօրինակելու մեր ձգտումները շատ ավելի պակաս հավակնոտ են լինելու: Ի տարբերություն անգամ Ադրբեջանի՝ մենք այսօր նույնիսկ չունենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի համաձայնեցված տեքստ, չունենք համագործակցության ճանապարհային քարտեզ, չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր գործակցության ապագան: Սրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, նա ինքնուրույն ջնջել է մեր բոլոր փաստաթղթերից եվրաինտեգրում եզրը՝ կողմնորոշելով մեզ անհայտ ուղղությամբ, որի անունն է՝ Մաքսային Միություն:
Մաքսային Միություն
Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ Հայաստանը անսպասելի արագ տեմպերով շարժվում է դեպի Մաքսային Միություն: Եթե թարգմանենք այս արտահատությունը դիվանագիտական լեզվից կնշանակի, որ Միության բոլոր փաստաթղթերը, առանց լրացուցիչ բանակցությունների ու քննարկումների՝ ստորագրվում են Հայաստանի կողմից: Սա բավականին մտահոգիչ է՝ մի քանի պատճառներով.
-նախևառաջ, Մաքսային Միությունում գործող դրույքաչափերը զգալիորեն բարձր են և, առանց վերապահումների դրանց միանալը կբերի Հայաստան ներմուծվող ապրանքների գների շեշտակի բարձրացման: Հաշվի առնելով մեր իշխանությունների հավաստիացումները, որ Մաքսային միության անդամագրման գործընթացը ավարտվելու է մինչև մայիս, կարելի է վստահությամբ պնդել, որ մեզ սպասվում է զգալի գնաճ, որը մեծ հարված կլինի մեր բնակչության գնողունակությանը: Ժողովրդի սոցիալական դրության վատթարացումը կարող է գեներացնել բացասական վերաբերմունք ոչ միայն դրա պատճառ դարձած իշխանությունների, այլև ՄՄ-ի ու դրա առանձին անդամների նկատմամբ:
- հաջորդ մարտահրավերն այն է, որ Միության ձևավորման գործընթացը անցնում է բարդ և երկարատև համաձայնեցման ճանապարհ, և շատ խնդիրներ դեռևս կարիք ունեն լրացուցիչ քննարկումների: Այսպես, դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի ընթացքում Բելառուսի և Ղազախստանի նախագահները մի շարք հարցեր բարձրացրին պայմանագրի ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ բովանդակության վերաբերյալ: Ն. Նազարբաևը նաև հանդես եկավ Մաքսային միությունը լրացուցիչ քաղաքականացումից հեռու պահելու օգտին՝ ընդգծելով նոր վերպետական մարմինների ստեղծման անթույլատրելիությունը: Նկատի ունենալով վերոնշյալը՝ Հայաստանը կարիք ունի շրջահայաց քաղաքականության և ՄՄ հիմքում դրված փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրության:
- Ղազախստանի նախագահի նախապայմանները, որոնք առնչություն ունեն ԼՂ հարցի հետ»:
Ս. Սարգսյանի կառավարությունը նաև շտապում է Հայաստանը դարձնել Եվրասիական Միության հիմնադիր անդամ: Այս գործընթացը նույնպես շատ արագ է ընթանում, և հարկավոր է բացատրություններ պահանջել իշխանություններից նման ընթացքի հիմնավորումների վերաբերյալ: Ստորագրվելիք յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է համապատասխանի մեր շահերին, այլապես այն կենսունակ չի լինի և կհանդիսանա լրացուցիչ մի վկայություն՝ իշխանությունների ինքնուրույն որոշումներ կայացնելու ընդունակ չլինելու մասին: