Ծնունդով Սասունցի Սամվելը, ով ազգանունը նախընտրեց չասել, արդեն մի քանի տարի է՝ գումար է վաստակում երևանյան շենքերի առջև ազգագրական երգեր երգելով։ Գումարը բնակիչները վերևից են նետում, և դրանով նա մի կերպ գոյատևում է։
«Ես հայ ժողովրդական երգեր եմ երգում, չեմ սիրում բառադի երգերը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Աբովյանից է ամեն օր Սամվելը Երևան հասնում և արդարանում. «Ի՞նչ անեմ, ստիպված եմ, առողջական վիճակս այդքան էլ լավ չի, ծանր գործ չեմ կարում անեմ»։
Թեև նա իր խնդիրներից խոսել չցանկացավ, բայց երգել տեսախցիկի առաջ պատրաստ էր և ամեն երգից հետո հարցնում էր. «Լա՞վ եմ երգում»։ Իր իմացած երգերի թվով նա պարծեցավ, որ «շատ-շատ գիտի»։ Սամվելը չասաց, թե օրական ինչքան է վաստակում երգելով. «Ինչքան կտան, կտան»։