Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը մի քանի օր առաջ պարզել է, որ 1993թ. Քարվաճառի ազատագրումից հետո, Շեյխա խանումի հետ իր հայտնի լուսանկարում, որը հայ գրականության դասագրքերում տեղադրված է Պարույր Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծության ներքո, ադրբեջանական դասագրքում էլ տպագրված է՝ այն տարբերությամբ, որ այնտեղ Հացպանյանը ներկայացված է որպես ադրբեջանցի:
Tert.am-ի հետ զրույցում Սարգիս Հացպանյանն ասաց.«Ես մի քանի օր առաջ իմացա, որ ես ադրբեջանցի եմ, ես Շեյխա Խանումի թոռն եմ: Ես այդ մասին իմացել եմ 4 օր առաջ՝ մի ադրբեջանցի աղջկանից: Նա մի հայ տղայի հետ «մարջ է եկել», որ ես թուրք եմ, և Հայաստանից մի հայ տղա ուղարկել է նաև տեսանյութի լինքերը, ու սա էշացել է, որ ես հայերեն եմ խոսում, թուրքերեն եմ խոսում, ֆրանսերեն: Ու այդ ադրբեջանցի աղջիկը զանգել է իրենց խմբագրություն, հարցրել է՝ բա ինչի՞ էիք ստում»:
Հիշեցնենք, որ «Ադրբեջանցի տատիկը և հայ ազատամարտիկը» հայտնի լուսանկար է, որն առաջին անգամ տպագրվել է Ֆրանսիայի «Libration» թերթում, և Սարգիս Հացպանյանն ինքը «Հայզինվոր» պարբերականին տված հարցազրույցում հուզիչ մանրամասներ էր ներկայացրել լուսանկարի պատմության մասին:
Մասնավորապես, երբ Քարվաճառի ազատագրումից հետո իրենք մտել են գյուղ, որտեղ ոչ մի ադրբեջանցի տղամարդ չի եղել, այլ՝ հիմնականում ծերեր, երեխաներ և անօգնական կանայք, Սարգիս Հացպանյանը թուրքերեն ողջունել է նրանց։ Եվ 80-ն անց ծեր ադրբեջանուհին՝ Շեյխա խանումը, հանդիմանանքով նայել է վրան ու ասել. «Ինչո՞ւ այսքան ուշացաք։ Հայերը շուտով քաղաք կմտնեն։ Մերոնք ասացին' մենք գնում ենք, որ ձեզ համար ուղղաթիռներ ուղարկենք»: «Հայերն արդեն եկել են»,- տեղեկացրել է ռազմագերիների այն ժամանակվա պատասխանատու Հացպանյանը, ու բացատրել ,թե հայերի կռիվը զենք հանած թշնամու դեմ է և ոչ խաղաղ բնակչության և որ «ի տարբերություն ադրբեջանցի ռազմիկի ու զինվորականի, մենք զենք չենք բարձրացնում անզեն մարդու վրա, չենք խոշտանգում նրան, չենք վիրավորում մարդկային արժանապատվությունը»:
Հետագայում Սարգիս Հացպանյանը միշտ զրուցել է Շեյխա խանումի հետ, ում որակել էր որպես՝ բանաստեղծ, աշուղ, բանասաց։
«Ես սիրում էի զրուցել նրա հետ։ Ասում էր' էս կռիվը մեր երկու ժողովուրդների կռիվ չէ, մենք սիրում ենք հայերին, մենք բոլորս էլ գիտենք, որ սա հայերի երկիրն է, ամենուր հայկական գերեզմաններ են, խաչերով զարդարված քարեր, ամենուր հայկական մշակույթի հետքեր են»,- Սարգիս Հացպանյանին ասել էր ադրբեջանուհին:
Սարգիս Հացպանյանը պարզել է, նաև, որ այս պատմության ադրբեջանական տարբերակի համաձայն իբր ինքը և մյուս հայերը «սպանել են Շեյխա խանումին», հանել նրա աչքերը»։ Սակայն ադրբեջանցի լրագրողը խոստացել է վեր հանել ադրբեջանական այս սուտը:
Սարգիս Հացպանյանը, ով այսօր պատրաստվում էր մասնացել կալանավորված պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի մասին «Անազատամարտիկը» ֆիլմի պրեմիերային, Հայոց բանակի օրվա կապակցությամբ նշեց, որ Վոլոդյայի ու իր նման տղաների սխրագործություններով ու արյամբ է, որ այսօր մենք ունենք ազատ Արցախ ու ազատագրված տարածքներ:
«Ու այսօր այդ մարդկանց բանտարկում են ամբաստանությամբ, սա անպատկերացնելի է, անհանդուրժելի է: Այդքան գող-ավազական մեր աչքի առաջ փողոցներով ման են գալիս, որ գողանում են իրենց ժողովրդից, առհասարակ, Հայաստանի իշխանությունները գող են, որ գողանում են բյուջեից, Հայաստան եկող օգնություններից, այդքան գող կա այս երկրում, բայց գնացին–եկան հենց Վոլոդյա Ավետիսյանին ամբաստանեցին մի անհեթեթ մեղադրանքով, մի բանի համար, որ հնարավոր չէ, որ ինքն արած լինի»,- ավելացրեց ազատամարտիկը։
Սարգիս Հացպանյանը հետևյալ համեմատությունն է անում. մի կողմից երկիրը պահած ազատամարտիկն այսօր սոված է, մյուս կողմից այսօր «Երկրապահ կամավորականների» վարչության մեջ հավաքված են մարդիկ, որոնց ըստ Հացպանյանի՝ նույնիսկ «ասֆալտի ֆիդայի» կոչելը շքեղություն կլիներ:
«Սա նորություն չի, երբ ԵԿՄ-ն հիմնադրվում էր ու երբ դրա վարչության անդամ նշանակվեց կար մի Ալեքսան Հարությունյան՝ Հեռուստապետկոմյան նախագահ էր Քոչարյանի ժամանակ, ես էշացած էի, որ այս մարդը, լինելով արցախցի, կես ժամով չի գտնվել Արցախում, այս երկիրը ո՞նց է պահել, որ ոչ ոք խաբար չի: Այդ իշխանամետ բաները դեռ այն ժամանակ կային, Վազգեն Սարգսյանը ողջ էր, ասաց՝ «էդպես է պետք, էդպես են անում»,- հիշեց ազատամարտիկը, ով նման բազմաթիվ դեպքեր գիտի:
Նա գիտի օրինակ՝ մեկին (անունը չի հնչեցնում հաշվի առնելով, որ կին և երեխաներ ունի), որն ունի Շուշիի ազատագրման համար մեդալ, սակայն պատերազմի ավարտից հետո իրենց խնդրել է հետները տանել Ղարաբաղ, որ այդ երկրի խոտն ու կանաչը տեսնի:
Սարգիս Հացպանյանը հաշվել է և տեսել, որ օրինակ՝ այս տարիներին Շուշիի ազատագրման համար պարգևատրվածները ավելի քիչ են, քան Շուշիի ազատագրման մասնակիցները:
«Սա չափորոշիչ է դարձել այսօրվա Հայաստանում, ում ասես մեդալ չեն բաժանում, Սովետի ժամանակվա նման է, խորհրդային ժամանակները, երևի, հետ են վերադառնում»,- ասաց ազատամարտիկը:
Նրա ամփոփմամբ՝ կոչումներով ու պարգևատրումներով չէ, որ պետք է հարգեն հողը պահած մարդուն, այլ՝ նրա համար արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելով: Մինչդեռ, Հացպանյանի գնահատմամբ, Հայաստանի լինել-չլինելու ժամանակաշրջանում հայրենիքի նման ծառայություններ մարդկանց սոցիալական վիճակը այսօր ողբերգություն է: Ու ոչ միայն իրենց, այլ՝ պետական ողբերգություն: