Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.

 

Հարգելի խորհրդարան,

 

Տարեսկիզբը բավականին հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Նախ հաստատվեց, ապա հրապարակվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»:

 

Ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո մեր տնտեսության համար եվրասիական տնտեսական տարածաշրջանում նոր հեռանկարներ կբացվեն:

 

«Ճանապարհային քարտեզի» հաստատմանը եւ հրապարակմանը զուգահեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են շահավետ երկխոսություն ծավալել Եվրոպական միության անդամ երկրների հետ, եւ ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականությունը լիարժեք ըմբռնում է գտնում Եվրամիության անդամ երկիր Չեխիայում: Պրահայում եւս մեկ անգամ ամրագրվեց.

 

Առաջին, Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում:

 

Երկրորդ, եվրասիական եւ եվրոպական ինտեգրացիոն գործընթացները միանգամայն հնարավոր է զարգացնել ոչ թե հակադրությամբ, այլ համատեղելիությամբ, ինչի մասին է վկայում հայ-չեխական գործարար համաժողովը, որին միայն չեխական կողմից մասնակցում էր շուրջ 100 կազմակերպություն:

 

Պրահայում կողմերը լիովին համակարծիք էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ, երեք հայտնի սկզբունքների հիման վրա կարգավորման հարցում: Այնուհանդերձ, մեր կարծիքով՝ քանի դեռ Ադրբեջանը մեկընդմիշտ չի հրաժարվել ռազմատենչ քարոզչությունից եւ սպառազինությունների մրցավազքից, հիմնախնդրի վերջնական կարգավորումը իրատեսական չի թվում:

 

Հարգելի գործընկերներ,

 

Մինչ Թուրքիայի ղեկավարությունը Հայաստանին եւ հայկական սփյուռքին կոչ էր անում անցյալի ցավերը հետեւում թողնել, 1915-ի իրադարձություններին անդրադառնալիս Եվրամիության անդամ երկիր Չեխիայի նախագահն օգտագործեց 1.5 մլն հայերի «գենոցիդ» եզրույթը:

 

Կարծում եմ' Թուրքիան անցյալի կնճռոտ խնդիրները պետք է ոչ թե մոռացության մատնի, այլ լուծի՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

 

Եվ վերջում մի քանի խոսք՝ ուղղված ոչ իշխանական որոշ գործընկերներիս: Բարեկամներս, նախընտրական բառապաշարով հագեցած զգացմունքային նախադասությունները միգուցե արդյունավետ են ընտրությունների նախօրեին: Սակայն ընտրությունների ժամանակ դուք լռում էիք, ժողովուրդն էլ ձեզ փնտրում էր, բայց չէր գտնում:

 

 

Շնորհակալություն ուշադրության համար: