Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը' փետրվարի 4-ին հրավիրված ասուլիսում Հայ- ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը կոչ արեց կանանց լինել զգոն սեփական առողջության նկատմամբ:

 

Վերջինիս խոսքով' կանանց մեծ մասը բժշկի չդիմելը պատճառաբանում է ֆինանսների բացակայությամբ, սակայն յուրաքանչյուր կին գոնե տարեկան մեկ անգամ կարող է իրեն թույլ տալ հետազոտություն անցնել:

 

Խաչանուշ Հակոբյանի տվյալներով' մամոգրաֆիական հետազոտությունը նշյալ կենտրոնում արժե 20 հազար դրամ, ինչը տարեկան կտրվածքով մատչելի է յուրաքանչյուրի համար, իսկ քաղցկեցի բուժումը Հայաստանում այլ երկրների համեմատ ավելի մատչելի է:

 

Ընդգծեց նաև, որ քաղցկեղի դեմ պայքարի լավագույն մեթոդը ժամանակին կանխարգելումն է:

 

Ասուլիսի մյուս բանախոս բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանն էլ' անդրադառնալով արգանդի վզիկի քաղցկեղի խնդրին, նշեց, որ այն քաղցկեղի մյուս տեսակների նման հնարավոր է բուժել միայն վաղ հայտնաբերման միջոցով: Հայաստանում կիրառվում են արգանդի քաղցկեղի վզիկի դեմ պատվաստանյութեր, որոնք սակայն թանկ արժեն (300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ) և դեռևս պետությունը դրանք անվճար տրամադրելու հնարավորություն չունի:

 

35-40 տարեկան հասակում կանայք տարին մեկ անգամ պետք է կատարեն մամոգրաֆիական հետազոտություն, իսկ մինչ 35 տարեկան կանանց և աղջիկներին խորհուրդ է տրվում կատարել սոնոգրաֆիական հետազոտություն հատկապես այն դեպքում, երբ ընտանիքում կա ժառանգական նախատրամադրվածություն և մոտ ազգականներից մեկը հիվանդ է եղել կրծքի քաղցկեղով: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը արձանագրել է նաև երիտասարդացման միտում:

 

Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը սկիզբ է առնում կրծքի բջիջներից: Բժշկի կողմից անցկացված կրծքի պարբերական կլինիկական քննություններով, մամոգրամներով և ինքնազննումներով վաղ բացահայտումը հնարավորություն է տալիս բուժումը սկսել ավելի վաղ' բուժելի փուլում: