Վանաձորն առաջիկա օրերին կվերադառնա կենսագործունեության նորմալ հուն և առաջացած խնդիրներն ամբողջովին կվերացվեն: ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով պարզաբանդելով Վանաձորում ստեղծված վիճակը' այդ մասին նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչախպետ Արմեն Գևորգյանը: Նրա խոսքով' մի քանի օր առաջ խոշոր վթար է տեղի ունեցել քաղաքի գազի հիմնական մագիստրալի վրա: «Սպասարկող ընկերությունն, անվտանգությունից ելնելով, գազամատակարարումը դադարեցրել է, և որպես դրա հետևանք' խնդիրներ են առաջացել նաև էներգամատակարարման հետ կապված: Վթարի հիմնական տեղը հայտնաբերվել է, այն բավականին բարդ է եղել, երեքշաբթի օրվանից մասամբ սկսվել է վերականգնվել քաղաքի գազամատակարարումը»,- ասաց Արմեն Գևորգյանը:

 

Փետրվարի 5-ի երեկոյան' ժամը 23:00-ից վթարը վերացվել է: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ արդեն այսօրվանից Վանաձորի ողջ բնակչությունը կունենա գազամատակարարում: «Բացի դրանից, ցուրտ եղանակի պայմաններում բնակչությունը սկսեց ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել, լարվածությունից սկսեցին խափանումներ առաջանալ նաև էներգահամակարգերում: Դրանք էլ աստիճանաբար վերացվում են, աշխատանքներ են տարվում, որպեսզի առողաջապահական և կրթական հիմնարկները վերադառնան նորմալ աշխատանքային հուն: Ներկայում Վանաձորի ծննդատանը ջեռուցման հետ կապված խնդիր է առաջացել, և այնտեղ նույնպես աշխատանքներ են տարվում' խնդիրը կարգավորելու համար»,- նշեց Գևորգյանը:

 

Վանաձորի որոշ շենքերում սառել են նաև ներքին ջրամատակարարման ցանցերը: «Հայջրմուղ»-ը նույնպես աշխատանքներ է տանում' այն վերացնելու համար: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ նմանատիպ խնդիր այլևս չի առաջանա և առաջիկա օրերին քաղաքը կվերադառնա նորմալ հուն:

 

Տիգրան Սարգսյանը հանձնարարեց անել ամեն ինչ' կարճ ժամկետում բնակչության համար նորմալ պայմաններ ապահովելու համար: Վարչապետը պահանջեց խնդիրների դեպքում անձամբ զեկուցել իրեն: