Կրթության և գիտության նախարարության շենքի առջև մեկնարկել է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության «իրավունքի նվաճման երթը»' ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:

 

Երթին միացել են նաև ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացուցիչները: Երթի մասնակիցներին միացել է նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն պաստառներ' «Դ!եմ եմ պարտադիրին» գրությամբ, վանկարկում են «Հաղթանակ», «Արդարություն», «Միացում»:

 

Երթը շարժվեց հետևյալ երթուղով' Հանրապետության փողոց, կառավարության շենք, Իտալիայի փողոց, Կենտրոնական բանկ, քաղաքապետարան, Խորենացու փողոց, Պետեկամուտների կոմիտե' անցորդներին կոչ անելով միանալ բողոքի երթին:

 

Երթի ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց Պետական եկամուտների կոմիտեի շենքի մոտ, երբ ոստիկանները երթի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ շենքին՝ պատ կազմելով կառույցի դիմացի մայթին: Մասնակիցներից մի քանիսին հաջողվեց մոտենալ շենքին և ՊԵԿ-ի շենքի դռների ապակիներին փակցնել «Դեմ եմ» շարժման տեղեկատվական թերթիկները:

 

Մինչ ոստիկանները պոկում էին թերթիկները, երթի մասնակիցներին հաջողվեց քանդել ոստիկանական պատը ու մոտենալ ՊԵԿ շենքին՝ վանկարկելով «ամո′թ, ամո′թ»:

 

Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի քաղաքապետարան, որտեղ էլ մտադիր են ավարտել երթը:

 

Լուսանկարը' Civilnet.am-ի