Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Ռուսաստանին' Օլիմպիական խաղերի նախապատրաստման հարցում քննադատելը մրցակցային պայքարի տարր է: Ինչպես «Ինտերֆաքս»-ը, Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանին որևէ վնաս հասցնել ցանկացողների քանակը միշտ էլ բավարար է եղել:

 

«Սա նույնպես մրցակցային պայքարի տարր է, և դրան պետք է վերաբերել' որպես սովորական երևույթի: Երբ սկսում են փնտրել այդ մրցակցային պայքարի որևէ միջոց, մեզ «կսմկտելը» այդ գործիքներից մեկն են դարձնում»,- ասել է ՌԴ Նախագահը «Ռոսսիա 1» հեռուստաընկերության պատրաստած «Философия мягкого пути» ֆիլմում:

 

Նախագահն ընդգծել է, որ Օլիմպիական խաղերը վատաբանողները անհեռանկար մարդիկ են, ովքեր այնքան էլ լավ չեն հասկանում, թե ինչ են անում:

 

«Արդեն սպորտային շարժումը, և ադ թվում' նաև միջազգային օլիմպիական շարժումը, մեկ անգամ 1980 թվականին անցկացված օլիմպիական խաղերում արդեն «վառվել է», երբ մասնակից երկրների մի մասը բոյկոտում էր Խորհրդային Միությունում անցկացված խաղերը' հաշվի առնելով զորքերի մուտքը Աֆղանստան»,- հիշեցրել է Պուտինը:

 

Նա նաև հավելել է, որ նման մոտեցումը վիրավորական է մարզիկների համար, քանի որ նրանք պատրաստվել են իրենց կյանքի գլխավոր մեկնարկին և աշխարհը սպասում է այդ մեկնարկին:

 

«Եվ հանկարծ ինչ-որ մարդիկ, իրենց' սպորտի հետ որևէ առնչությւոն չունեցող դիտարկումներով, ինչ-որ որոշումներ են կայացնում»,- ավելացրել է ՌԴ նախագահը: