Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները, երկու տարվա ընդմիջումից հետո, վերսկսվել են: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը եւ կղզու թուրքական մասի առաջնորդ Դերվիշ Էրօղլուն հայտարարել են, որ բանակցությունները տարվում են միացյալ դաշնային պետություն ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնում է թուրքական «Թարաֆ» թերթը:

 

Նշվում է, որ կղզու խնդիրը լուծվելու է ՄԱԿ անվտանգության խորհրդի որոշումների հիման վրա' երկհամայնքային, երկգոտի, կողմերի քաղաքական հավասարությամբ դաշնային պետություն ստեղծելու միջոցով: Միացյալ Կիպրոսը ՄԱԿ-ում եւ Եվրամիությունում կներկայացվի մեկ ինքնությամբ եւ մեկ ինքնիշխանությամբ: Կղզու բոլոր բնակիչները կհամարվեն դաշնային պետության քաղաքացիներ: Երկիրը կունենա դաշնային կառավարություն եւ խորհրդարան:

 

Արդեն 40 տարի շարունակվող բանակցություններում մինչեւ այժմ կիպրաթուրքերը համառում էին կղզում ստեղծել երկու ինքնիշխան պետություններից կազմված համադաշնություն:

 

Կիպրոսը մասնատվել է 1974 թվականին' Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո: Կղզու տարածքի մեկ երրորդ մասը Թուրքիայի կողմից բռնազավթվել եւ հռչակվել է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», որի անկախությունը ճանաչել էր միայն Թուրքիան: