Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները, երկու տարվա ընդմիջումից հետո, վերսկսվել են: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և կղզու թուրքական մասի առաջնորդ Դերվիշ Էրօղլուն հայտարարել են, որ բանակցությունները տարվում են միացյալ դաշնային պետություն ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնում է թուրքական «Թարաֆ» թերթը:

Միացյալ Կիպրոսը ՄԱԿ-ում և Եվրամիությունում կներկայացվի մեկ ինքնությամբ և մեկ ինքնիշխանությամբ: Կղզու բոլոր բնակիչները կհամարվեն դաշնային պետության քաղաքացիներ: Երկիրը կունենա դաշնային կառավարություն և խորհրդարան:

Արդեն 40 տարի շարունակվող բանակցություններում մինչև այժմ կիպրաթուրքերը համառում էին կղզում ստեղծել երկու ինքնիշխան պետությունից կազմված համադաշնություն:

Կիպրոսը մասնատվել է 1974 թվականին' Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո: Կղզու տարածքի մեկ երրորդ մասը Թուրքիայի կողմից բռնազավթվել և հռչակվել է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»: