Հայոց ցեղասպանության 100-ամյակը կարեւոր խորհրդանշական թվական է, սակայն աշխատանքների իմաստով Հայաստանը եւ մասնավորապես Հայ դատի գրասենյակները կշարունակեն իրենց գործունեությունը 2015թ. հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տեսակետ է հայտնում, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի վերջերս արած հայտարարությունը, որ պետք է ուժերը լարել եւ պատրաստվել 2015-ին, հիմնականում ուղղված է միջազգային հանրությանը, քանի որ նրանք այդ ուղղությամբ լուրջ վտանգներ են տեսնում: «Հարյուրամյակը վերջը չէ, եւ դա բոլորն են հասկանում, սակայն խորհրդանշական է եւ միջազգային հանրությանը կստիպի սկզբունքային մոտեցում ունենալ Ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդի իրավունքների հարցում: Հենց այդ պատճառով է Թուրքիան մտահոգ: Նրանք հասկանում են, որ ամեն առումով մթնոլորտը բացասական է իրենց համար»,-նկատեց նա:
Եթե տարիներ առաջ Թուրքիան 2015թ. անվանում էր «Հայկական ցունամի», ապա վերջին շրջանում թուրքական իշխանությունները խուսափում են այդ արտահայտությունից: «Նրանք հրաժարվել են նման լուրջ որակումներ տալուց, սակայն դա չի խանգարել, որ այդ «ցունամին» մտնի թուրք հասարակության մեջ, որտեղ խոսում են Հայոց ցեղասպանության եւ ճանաչման մասին: Դա նույնպես անհանգստացնում է Թուրքիային»,-ընդգծեց Մանոյանը:
Չակերտները չբացելով' Կիրո Մանոյանը շեշտում է' Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ այսօր հայկական կողմն ավելի ակտիվ է, Հայ դատի գործունեությունը' նույնպես: Թուրքիային նանապատրաստվելու հիմքեր չտալու համար Մանոյանը չի բացահայտում այն պետությունների անունները, որոնց հետ աշխատանքներ տարվում են, սակայն հավաստիացնում է' եթե անգամ կոշտ բանաձեւեր չլինեն, ընդհանուր մթնոլորտը, հայտարարություններն ու կոշտ ձեւակերպումներ տհաճ են լինելու Թուրքիայի համար:
Այսօր Հայ դատի կառույցները երկու տարբեր ուղղությամբ են աշխատում: «Ամենակարեւորը համախմբվածությունն է: Մեր ընդհանուր մոտեցումն այն է, որ 2015թ. լինի իրավունքների սահմանման եւ ճանաչման տարի: Բացի պատմական փաստի ճանաչումը, պետք է շեշտը դրվի նաեւ իրավունքների ճանաչման վրա: Այս ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասաց ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն:
Հայաստանի համար Թուրքիայի ներքին քաղաքականությունը չպետք է այնքան մտահոգիչ լինի, որ պարտավորված զգա կողմնորոշվելու ներքին այս կամ այն ուժի նկատմամբ: Վերջին ամիսներին Թուրքիայում կատարվող իրադարձությունները այդ երկրի հասարակության կյանքն է, ներքաղաքական խնդիրը եւ հենց իրենք պետք է որոշեն իրենց իշխանություններին, Հայաստանն էլ պետք է պատրաստ լինի ցանկացած իշխանության հետ հարաբերվելու: «Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումները փաստում են, որ թուրքական իշխանությունների առաջ քաշած մոտեցումները կյանքի չկոչվեցին եւ տապալվ եցին ոչ միայն արտաքին այլեւ ներքին կյանքում: Ոչ կայուն Թուրքիան Հայաստանի համար ավելի շատ խնդիր է ներկայացնում, քան իր ուղղությունը հստակ իմացող Թուրքիան: Թուրքիայի ապակայունացումը կարող է բերել անկանխատեսելիության, ինչը Հայաստանի համար այնքան էլ ցանկալի չէ: Իսկ Հայաստանի համար օգտակարը մեկն է, որ այդ երկիրը շատ իմաստներով փոխվի' չափից սկսած մինչեւ համակարգ»,- ասաց Մանոյանը' հավելելով, որ այս պարագայում Հայաստանին պետք է անհանգստացնի ոչ թե Թուրքիայի ներքաղաքական կյանքը, այլ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստական աշխա տանքներն ու այդ առնչությամբ թուրքական արձագանքները:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում' Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կ անադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։