Դժվար թե Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, առանց Բաքվի համաձայնության: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:Նրա խոսքով՝ ամենատրամաբանականն այն կլինի, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ Մադրիդյան սկզբունքները համաձայնեցնելուց հետո, տեքստը համաձայնեցնելու բանակցությունների ժամանակ: Բայց Բաքվի համար դա ձայրահեղ անցանկալի է:

ռուս դեսպանի ներկայացմամբ՝ այլ նկատառումներից բացի, Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղին բանակցություններից հեռացնելը կարեւոր հոգեբանական նշանակություն ունի: «Դա նրա համար համարյա փոխհատուցում է դիվանագիտության ոլորտում՝ ակնհայտ ռազմական անհաջողությունների համար: Մնացած պատճառաբանություններն այնքան էլ համոզիչ չեն: Ղարաբաղի հայերին ԼՂ ադրբեջանական համայնքի հետ բանակցությունների դրդելու փորձերն անհաջող են, որովհետեւ նրանց դեմ պատերազմել է ողջ Ադրբեջանը, այլ ոչ թե՝ ԼՂ ադրբեջանական համայնքը»,-ասաց Կազիմիրովը:

Նախկին միջնորդը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է բանակցությունների կողմ: «Բանակցությունները 1990-ական թվականներին ընթացել են նրա մասնակցությամբ, նույնիսկ ավելի հաճախ Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով՝ առանց Երեւանի մասնակցության: Քննադատության չի դիմանում նաեւ «սեփական քաղաքացիների հետ» բանակցելուց հրաժարվելու թեզը, ինչպես երբեմն Բաքուն համարում է ԼՂ հայերին»,-ասաց նա:

Կազիմիրովի կարծիքով, դժվար թե Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին առանց Ադրբեջանի համաձայնության, բայց հիմա օդում կախված է ընդհանրապես որեւէ տեսակի բանակցությունների վերսկսման հարցը: «Սպասենք Փարիզում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: Մյուս կողմից 2013 թվականն այնքան էլ բարենպաստ չէ բանակցությունների համար, իսկ ԼՂ մասնակցության խնդիրը որոշակի հանգամանքներում կարող է լրացուցիչ արգելակի դեր խաղալ բանակցությունների շարունակման կամ դանդաղեցման առումով: Պարզ է, որ այդ հարցը դժվար կանխատեսելի է»,-ամփոփեց Վլադիմիր Կազիմիրովը: