Տեխասի նահանգի համալսարանի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է մարդու թոքեր աճեցնել լաբորատոր պայմաններում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Գիտափորձերի համար, որոնք անցկացվել են Գալվեսթոն քաղաքում (Տեխասի նահանգ), հետազոտողներն օգտագործել են երկու երեխաների վնասված և փոխպատվաստման համար ոչ պիտանի թոքերը, որոնք զոհվել են դժբախտ պատահարի հետևանքով:

 

«Մեզ պահանջվեց մեկ տարի հավաստիանալու համար, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել,-ընդգծել է հետազոտողներից մեկը՝ Ջոան Նիքոլսը:- Դա պարզապես անհավատալի է: Այս ամենը միայն գիտական ֆանտաստիկա էր, իսկ այժմ դարձել է գիտական փաստ»:

 

Նրա կարծիքով՝ նման կերպ բուծված թոքերը հնարավոր կլինի փոխպատվաստման համար օգտագործել արդեն մոտավորապես 12 տարի հետո: Ծրագրվում է, որ առաջիկա երկու տարում գիտնականները կփորձեն դրանք պատվաստել խոզերին: