Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է որպես միջնորդ Ուկրաինա ուղարկել ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն, այս մասին տեղեկացրել է ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ նախագահներ Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում Ուկրաինայի Նախագահը Ռուսաստանի Դաշնության ղեկավարին առաջարկել է Ռուսաստանի ներկայացուցիչ ուղարկել Կիև՝ որպես միջնորդ ընդդիմության հետ բանակցություններին մասնակցելու համար»,- ասել է Պեսկովը:

 

ՌԴ Նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինը որոշել է այդ առաքելությամբ Կիև ուղարկել Մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինին: Պեսկովը հիշեցրել է, որ Վլադիմիր Լուկինը դիվանագիտական ծառայության մեծ փորձ ունի, մեծ հեղինակություն է վայելում իրավապաշտպանների շրջանում և ղեկավարել է խոշոր ընդդիմադիր կուսակցություններից մեկը: