ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման փետրվարի 21-ին Սպիտակ տանը կընդունի Տիբեթի բուդդայականների հոգեւոր առաջնորդ Դալայ լամային, տեղեկացնում է ամերիկյան վարչակազմի մամուլի ծառայությանը: Հանդիպումը փակ է լինելու մամուլի համար:
Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսին՝ առաջ բերելով Չինաստանի իշխանությունների դժգոհությունը: Պեկինը Հնդկաստանում տարագրության մեջ ապրող Դալայ լամային մեղադրում է ՉԺՀ-ից Տիբեթի անջատման հասնելու ձգտման մեջ եւ կոչ է անում արտասահմանյան երկրների ղեկավարներին հարգել Չինաստանի տարածքային ամբողջականությունը եւ չհանդիպել բուդդայականների առաջնորդի հետ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հրաժարվել Դալայ լամայի հետ հանդիպումից:
«Տիբեթի հարցը Չինաստանի ներքին գործն է, եւ մյուս պետություններն իրավունք չունեն միջամտելու դրան.... Դալայ լամային ընդունելը կոպիտ միջամտություն է Չինաստանի ներքին գործերին եւ վնաս է հասցնում չին-ամերիկյան հարաբերություններին: Չինաստանը դեմ է այդ հանդիպմանը: Մենք կոչ ենք անում ամերիկյան կողմին անհապաղ չեղյալ հայտարարել Դալայ լամայի հետ պլանավորված հանդիպումը»,- ընդգծել է Չունյինը:
Ինչպես Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը, Դալայ լամային Սպիտակ տանն ընդունելու են «որպես միջազգային հարգանք վայելող կրոնական ու մշակութային առաջնորդի»: