
Հայաստանում արժույթի փոփոխության որեւէ քննարկում չկա, սակայն փոխվելու դեպքում էլ կենսաթոշակային ֆոնդերի հետ ոչինչ տեղի չի ունենա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Նախ այդպիսի որևէ քննարկում չկա, որ Հայաստանում ինչ-որ պատճառով' Մաքսային միության կամ այլ պատճառով, արժույթը փոխվի: Երկրորդը' եթե ինչ-որ պատճառով Հայաստանում արժույթը դառնա եվրո, դոլար, ռուբլի կամ մեկ ուրիշ բան, ապա այդ ֆոնդերի հետ ոչինչ տեղի չի ունենա, ինչպես տեղի չունեցավ էստոնական համանուն ֆոնդերի հետ, երբ էստոնական դրամը' կրոնը փոխարինվեց եվրոյով»,-ասաց Գագիկ Մինասյանը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը, որոնք, ազատում են պատիժներից, եթե գործատուները մինչև մարտի 28-ն իրենց աշխատողների աշխատավարձից չեն կատարում պարտադիր պահումները: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը կքննի մարտի 28-ին: