Այսօր տեղի է ունեցել ԵԿՄ նորընտիր վարչության նիստը: Նիստը հաստատել է երկու տարվա աշխատանքային ծրագիրը: Վարչությունում ձևավորվել է թվով 15 աշխատանքային հանձնաժողով: Վարչության բոլոր անդամներն էլ անդամակցում են այս կամ այն հանձնաժողովին' այդ կերպ մասնակցելով կառույցի աշխատանքներին: Վարչության նիստը նաև լիազորել է վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին կազմել նախագահություն: Խնդիրն այն է, որ 121 հոգուց բաղկացած վարչությունը չի կարող մշտապես աշխատող մոբիլ մարմին լինել: Այդ իսկ պատճառով նախագահություն ձևավորելու անհրաժեշտություն կա:
Նիստի ավարտին ԵԿՄ նորընտիր վարչության անդամներն ուղևորվել են Էջմիածին' Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ստանալու: Հանդիպման ժամանակ ԵԿՄ վարչության նախագահը ներկայացրել է Երկրապահի ստեղծման համառոտ պատմությունն ու անցած ուղին: Գեներալը նշել է նաև, որ 2000 թվականից Հայաստանում պետականորեն նշվում է Երկրապահ կամավորականի օրը, իսկ 2013-ից արդեն պետությունն օրենսդրորեն ճանաչեց երկրապահ կամավորականությանը' ընդունելով «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենք:
Ամենայն հայոց կաթողիկոսն էլ հայ ազգի համար անչափ կարևորել է ԵԿՄ ունեցած դերը: Հայրապետը նաև տեղեկացրել է, որ ԵԿՄ վարչության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսուհետ միշտ մայիսի 8-ը' Երկրապահ կամավորականի օրը հատուկ նշվելու է նաև Մայր աթոռում:
Հանդիպման ավարտին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը նաև խաչ է նվիրել ԵԿՄ-ին: Երկրապահ կամավորականների միությունն ուներ ՀՀ նախագահից ստացած մարտական դրոշ: Հիմա ունի նաև ազգի հոգևոր կենտրոնից ստացված խաչը, որը հավատի և հզորության խորհրդանիշ է: