Մի խումբ քաղաքացիներ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին: Բաց նամակում, մասնավորապես, ասված է.

 

«Բաց նամակ նախագահին

 

Պարոն նախագահ...

 

Մեր իսկ երկրում մեզ մատուցվող մի այլ ցածրորակ, անբարո համակարգի հանդեպ խորին անհանդուրժողականությամբ, նաև' վաղվա երկրի հանդեպ մեծագույն հավատով և այդ երկրի անունից դիմում ենք ձեզ, ձեր մեջ այդ նախանձելի երկրի արժանավոր նախագահը տեսնելու գուցեև միամիտ ակնկալիքով:

 

Եթե ունեք իրական Հայոց երկրի տեսիլն ու այդ հրաշք երկիրը ձեր մեջ կրելու հայի նկարագիրը, այն կերտելու կամքը, հպարտությունն ու ինքնազոհությունը, ապա' հորդորում ենք.

 

Սթափվեք...

 

Քանի տասնյակ զոհեր են պետք, որ պատասխանատվություն զգաք երկրի, ժողովրդի, ապագայի հանդեպ: Զոհերը իրականում հարյուր հազարներ են, միլիոններ...

 

Դուք պարտավոր եք պատասխանատվություն զգալ նաև նախկին զոհերի առաջ...
Այլապես, զոհը վաղվա հայն է, ապագա Հայաստանը:

 

Սթափվեք...

 

Ուզում ենք հավատալ, որ կազատեք ձեզ և մեզ տգիտության պատանդը լինելու խայտառակ դավադրությունից... կկազմալուծեք ձեր շուրջ ձևավորված շահամոլության և քծնանքի վրա հիմնված, ազգը պառակտող, հայի ինքնությունը պղծող համակարգը... որը Հայաստան չէ և' վերջ:

 

Սթափվեք...

 

Երկրի տիրոջը պետք է փնտրել ոչ թե դրսում, այլ ձեր հանդեպ հայ մարդու ունեցած հավատի մեջ... Այսօրվա անկանխատեսելի մարտահրավերների պայմաններում նախագահը պարտավոր է դեմքով շրջվել դեպի իրական երկիրը. իշխանությունը ձևավորել բացառապես ազնվագույն, հայրենիքի շահով վառվող նվիրյալ մասնագետներով, որոնք դեռ կան բոլոր ոլորտներում... նաև, և հատկապես' սփյուռքում... Համընդհանուր ճգնաժամի պայմաններում դրեք նրանց առջև նոր, օրինակելի արժեհամակարգ ձևավորող գերխնդիրներ և նրանք մահապարտի նվիրումով կիրագործեն այդ առաքելությունը:

 

Ուշքի եկեք... Սթափվեք...

 

Արժանավայել, տղամարդավայել մի քայլ արեք... վերջապես, այրեք ինքներդ ձեզ:

 

Վերադարձրեք մեզ իրական երկրի երազը և մենք կդառնանք նրա պատասխանատուն ու մահապարտ զինվորը:

 

Պատասխանեք վերջին հարցադրմանը. Արդյոք դուք եք այն նախագահը, որին դիմում ենք... Ունեք արդյոք լավագույն երկրի բացառիկ նախագահը լինելու կամքն ու արժանապատվությունը... Թե մեր խոսքը դարձյալ ուղղված է «հեռու-մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին, հրանման հոգիներին»...

 

Շուշանիկ, Դիանա, Գարիկ, Հովհաննես, Գևորգ... և ընկ.