Գյումրու փողոցներում ձնհալից հետո ստեղծված «արտակարգ» իրավիճակի հարցը մարտի 3-ին, քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ քննարկվեց Գյումրու քաղաքապետարանում: Քննարկմանը ներկա էին Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժինների, ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության և «Շիրակջրմուղկոյուղի» ընկերության ներկայացուցիչները: Ձնհալից հետո հիմնականում դժվարանացանելի են այն փողոցները, որտեղ իրականացվել է ջր ամատակարարման համակարգի բարեփոխման ծրագիրը: Քաղաքի շատ փողոցներ ոչ միայն դժվարանացանելի են, այլ նաև արտակարգ պատահարների պատճառ են, ինչի մասին վկայում են մարզի փրկարարական վարչության կողմից ստացված կանչերը:
«Միայն 1 օրվա ընթացքում 3 կանչ է գրանցվել, երբ փրկարարներն օգնել են մարդկանց մեքենաները հանել ցեխափոսերից»,- նշեց ՀՀ ԱԻ փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:
«Շիրակջրմուղկոյուղի» ընկերության տնօրեն Վարդան Մարտիրոսյանը իր խոսքում նշեց, որ իրենք միայն պատվիրատուն են, իսկ աշխատանքերն իրականացնում են կապալառու կազմակերպությունները: Վերջիններիս ներկայացուցիչներն էլ նշեցին, որ ջրագծերի վրա փոփոխման աշխատանքերից հետո նորմալ խճապատում է իրականացվում, սակայն գրունտի կավահող լինելու և քաղաքում ջրահեռացման համակարգի բացակայության պատճառով է ստեղծվել այս իրավիճակը: Քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը նշեց, որ այն փողոցները , որոնք «իրենց մեղքով» են այդ վիճակում, կբարեկարգվեն սեփական ուժերով, իսկ «Շիրակջրմուղկոյուղի» ընկերության կողմից քանդված փողոցները պետք է նախ մաքրվեն ցեխից, ապա կրկին խճապատվեն հենց «Շիրակջրմուղկոյուղի»-ի կողմից: Պետք է լինի կանոնակարգված աշխատանք: Եղան տեխնիկական այլ առաջարկներ ևս: Հանդիպման ավարտին որոշվեց կրկին հարցը քննարկել 10 օրից: Հարցն, ըստ քաղաքապետի, կլինի իր անձնական վերահսկողության տակ: