Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Ուկրաինա կատարած այցից հետո ընդունել է Ղրիմի կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարարը նրանց հետ կիսել է կատարած այցից հետո ստացած տեղեկություները:
Խոսելով Ղրիմի պատմության և տեղի թաթարների մասին, Դավութօղլուն նրանց անվանել է իրենց «եղբայրները և ցեղակիցները»: Նա նշել է, որ Թուրքիան աչալուրջ է տեղի ունեցող իրադարձություններին և կողմ է խնդրի շուտափույթ լուծմանը: «Թող հանգիստ լինեն Ղրիմի մեր հայրենակիցները: Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանն օր ու գիշեր' մինչև Ուկրաինայում կայունություն հաստատվի»,- ասել է նա:
Ղրիմում ստեղծված անկայունության ամենասկզբից Թուրքիան սկսել է լրջորեն ներգրավվել այս հարցում: Թուրքական պետական պաշտոնյաները Ղրիմի հարցում իրենց նման հետաքրքրվածությունը պայմանավորում են այն բնորոշմամբ, որ Ղրիմի թաթարներն իրենց «հայրենակիցներն» են և «ցեղակիցները»: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ երկիրը լուրջ հավակնություններ ունի Ղրիմի հարցում: