Հայ-ադրբեջանական սահմանն անուշադրության հետևանքով հատած Մամիկոն Խոջոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո մարտի 4-ին վերադարձվել է Հայաստան: Ինչպես տեղեկացրել են ԿԽՄԿ-ից, Մամիկոն Խոջոյանը հայաստանյան պաշտոնյաների խնամքին է հանձնվել ադրբեջանական ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են հայ գերուն մինչ հայրենադարձումը՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։ Գործելով որպես չեզոք միջնորդ ու իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։
Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանի անհետացման մասին ահազանգ է ստացվել, նրան վերջին անգամ տեսել են հունվարի 28-ին' ժամը 14.00-15.00-ի սահմաններում' գյուղում արարողության ժամանակ: Խոջոյանը երեք որդի և երեք դուստր ունի, սակայն բնակվել է միայնակ: 77-ամյա գյուղացին առողջական խնդիրներ է ունեցել և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության ներքո:
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հունվարի 28-ին հայտնել էր հայ-ադրբեջանական շփման գիծը հատած քաղաքացու մասին, որը Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության բնորոշմամբ եղել է «զինված դիվերսանտ»: Ադրբեջանի Պատանդների, անհայտ կորածների և գերիների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել էր, որ Հայաստանի քաղաքացուն գետն անցնելիս Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչները նկատել ու հանձնել են ադրբեջանցի զինծառայողներին:
Տարածված վարկածին, թե իբր Մամիկոն Խոջոյանը դիվերսանտ է կամ նրանց ուղեկցող, չեն հավատում անգամ Բաքվում: 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում' խախտելով գ երիների մասին Ժնեւյան կոնվենցիան: Հարցազրույցի ժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է: