Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կորցնել ոչ միայն վարչապետի իր պաշտոնը և մոտ ապագայում Նախագահ դառնալու հնարավորությունը, այլ նաև կարող է ենթարկվել երկարատև ազատազրկման իր հանցագործությունների համար: Նման դիտարկում է արել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում: «Անցյալ շաբաթ բացահայտված մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներում լսվել է, թե ինչպես է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարում իր որդուն ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի իր տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը:

 

Այս ցնցող բացահայտումը պատճառ դարձավ համատարած կոչերի' Էրդողանի հրաժարականի պահանջով, որը պնդում է, թե ձայնագրությունները կեղծ են կամ մոնտաժված: Սակայն պարզվել է, որ Վարչապետի և նրա որդու խոսակցությունների ձայնագրություններն իսկական են, ըստ ամերիկյան Guarded Risk կիբեր ընկերության, որն իրականացրել է հեռախոսազանգերի մանրամասն դատափորձագիտական հետազոտություն:

 

Զավեշտալի է, որ Էրդողանը, ով իշխանության էր եկել որպես իսլամիստ' նպատակ հռչակելով կոռուպցիայի վերացումը թուրքական քաղաքականությունից, զոհ գնաց' «իշխանությունը փչացնում է. բացարձակ իշխանությունը բացարձակապես է փչացնում» ասույթին…

 

Հեռախոսազանգերը գաղտնի ձայնագրվել էին այն օրը, երբ ոստիկանությունը ներխուժել էր նախարարների, հայտնի գործարարների և պետական բանկի կառավարչի տները: Նրանք բոլորն էլ մեղադրվում են կաշառակերության և կոռուպցիոն այլ դրսևորումների մեջ ներգրավված լինելու համար:

 

Ներկայացնում ենք հատվածներ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի, գաղտնալսված հինգ հեռախոսազրույցներից.

 

Առաջին հեռախոսազանգը, 2013 թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 8:02-ին

 

Էրդողան. … Հանիր քո տանից այն ամենը, ինչ ունես, լա՞վ:

 

Բիլալ. Ի՞նչն է որ ունեմ, հայրիկ: Քո փողը չհրկիզվող պահարանում է:

 

Էրդողան. Հենց դրա մասին եմ խոսում….

 

Բիլալ. Ի՞նչ պետք է անենք դրա հետ, հայրիկ: Որտե՞ղ պիտի դա տեղավորենք:

 

Էրդողան. Հատուկ տեղերում, որոշ հատուկ տեղերում…. Արա՛ այդ:

 

Երկրորդ հեռախոսազանգը, ժամը 11:17-ին.

 

Բիլալ. ... Իմ եղբայր [փեսա] Բերաթն այլ բան է առաջարկում: Նա ասում է, որ մենք դրա մի մասը պիտի տանք Ֆարուքին [Կալյունչի, շինարարական ընկերության նախագահ] այլ աշխատանքի համար, որպեսզի նա կարողանա դրանք գործի մեջ դնել նախորդների նման: Այդպես անե՞նք: Այդ ձևով մենք կարող ենք մի մեծ գումար դասավորել:

 

Էրդողան. Միգուցե:

 

Բիլալ. Լավ: Մյուս մասի համար, քանի որ բիզնես համագործակցություն ենք սկսել Մեհմեդ Գյուրի հետ [շինարարական խմբի ղեկավար], մտածում ենք դա տալ նրան, ասելով. «պահի՛ր սա, դու կարող ես այն օգտագործել հետագա ծրագրերի համար»: Այս ձևով մենք կարող ենք կրճատել այն, իսկ մնացածն էլ տեղափոխել մեկ այլ տեղ:

 

Էրդողան. Լավ, շատ լավ, քանի դեռ անում ես.... Լավ կլինի, եթե անես.... Եթե դու կարողանաս բոլորը վերացնել:

 

Բիլալ. Այո, Աստծո կամոք, այսօր բոլորը կվերացնենք...

 

Երրորդ հեռախոսազանգը, ժամը 15:39-ին.

 

Էրդողան. Կատարեցի՞ր իմ բոլոր առաջադրանքները:

 

Բիլալ. Երեկոյան կավարտենք: Մի մասը դասավորենք. մենք դասավորել ենք Բերաթի մասը, հիմա, առաջին հերթին կկարգավորենք Մեհմեդ Գյուրի մասը, իսկ հետո մնացածը. դրանք կանենք մութն ընկնելուց հետո....

 

Էրդողան. Ի՞նչ է արել Սումեյին [դուստրը]:

 

Բիլալ. Նա դուրս է բերել, հանել դրանք, մենք խոսել ենք, և այլն:

 

Էրդողան. Մի՛ խոսեք հեռախոսով միմյանց հետ:

 

Չորրորդ հեռախոսազանգը, ժամը 23:15-ին.

 

Բիլալ. Ողջույն, հայրիկ, զանգահարում եմ, որ ... մենք հիմնականում արեցինք [այդ]: Դու հենց հիմա ինձ զանգե՞լ ես, հայրիկ:

 

Էրդողան. Ոչ, ես քեզ չեմ զանգել, դու ես ինձ զանգել:

 

Բիլալ. Ինձ զանգահարել էին փակ համարից:

 

Էրդողան. Երբ ասում ես «հիմնականում», արդյոք դու ամբողջովի՞ն վերացրել ես դա:

 

Բիլալ. Դեռ չեմ զրոյացրել, հայրիկ: Թույլ տուր բացատրեմ: Մենք դեռևս ունենք 30 միլիոն եվրո, որը մինչև հիմա չենք կարողացել վերացնել: Բերաթը մի առաջարկ ունի: Կար լրացուցիչ 25 միլիոն դոլար, որը պիտի ստանար Ահմեդ Չալիքը [գործարար]: Նրանք առաջարկում են դա տալ [նրան]: Երբ փողը ստանանք, մի բան կանենք, ասում են նրանք: Իսկ մնացած գումարով կարող ենք բնակարան գնել Շահրիզարից, ասաց նա: Ի՞նչ կասես, հայրիկ:

 

Էրդողան. Ինչևէ, մենք կդասավորենք:

 

Բիլալ. Պիտի՞ այսպես անենք:

 

Էրդողան. Լավ, արա այդպես:

 

Բիլալ. Ուզում ես դրանք բոլորը վերացնե՞մ, հայրիկ, կամ ուզո՞ւմ ես որոշ գումար քեզ համար:

 

Էրդողան. Ոչ, դա չի կարելի թողնել, որդիս: Դու պիտի փոխանցես դրանք ուրիշներին, կարող ես դրանք փոխանցել Մեհմեդի հետ:

 

Բիլալ. Այո, տվել ենք նրանց: Մենք տվել ենք 20 [միլիոն] դոլար նրանց:

 

Էրդողան. Ի սեր Աստծո, առաջին հերթին դու պիտի դրանք փոխանցես: Դու կարող ես հետո դրանք անել...

 

Բիլալ. Այս պահին մենք կարողացանք այսքանը տալ: Դժվար է արդեն, այն շատ տեղ է զբաղեցնում: Մի մասը տեղավորել ենք մեկ այլ տեղ, մի մասը տվել ենք Թունջին, և հետո...

 

Էրդողան. Ամբողջը փոխանցել էիր Թունջի՞ն:

 

Բիլալ. Նրանք հարցրել են, ես հասկացա, որ նա կարող է վերցնել միայն 10 միլիոն եվրո:

 

Էրդողան. Ինչևէ, մի խոսիր սրանով [հեռախոսով]:

 

Բիլալ. Լավ, ուրեմն, կդասավորենք:

 

Էրդողան. Լավ, արա այդ: Ես չեմ կարող գալ այս գիշեր: Մնում եմ Անկարայում:

 

Հինգերորդ հեռախոսազանգը, 2013 թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 10:58-ին.

 

Էրդողան. Որոշեցի զանգահարել, տեսնել որևէ նորություն կա:

 

Բիլալ. Ոչ, ոչ մի բան: Աստծո օգնությամբ ավարտեցինք մեզ տված պարտականությունները:

 

Էրդողան. Ամե՞ն ինչ վերացվել է:

 

Բիլալ. Ամբողջությամբ... Ինչպե՞ս ասեմ: Ես ունեմ Սամանդիրայի և Մալթեփիի գումարը' 730 հազար դոլար և 300 հազար թուրքական լիրա: Սրանք ևս կկարգավորեմ: Մենք պարտք ենք 1 միլիոն թուրքական լիրա Ֆաիք Իշկին. ես դա կտամ նրան և կասեմ, որ մնացածը փոխանցի ակադեմիային:

 

Էրդողան. Բացեիբաց մի խոսի՛ր:

 

Բիլալ. Չանե՞մ:

 

Էրդողան. Ոչ, հասկացա՞ր:

 

Բիլալ. Լավ, հայրիկ:

 

Էրդողան. Ես նկատի ունեմ, որ քեզ մոտ ոչինչ չպահես, լինի դա Սամանդիրա կամ այլն... Ուղարկիր այնտեղ, որտեղ որ պետք է, ինչո՞ւ ես պահում մոտդ:

 

Բիլալ. Լավ, հայրիկ, բայց ես կարծում եմ, որ մենք հսկողության տակ ենք:

 

Էրդողան. Այն, ինչի մասին ես քեզ ասում էի հենց սկզբից...

 

Բիլալ. Բայց անվտանգության աշխատակիցնե՞րն են մեզ հետևում, հայրիկ:

 

Էրդողան. Տղաս, քեզ գաղտնալսում են:

 

Բիլալ. Բայց նրանք նաև տեսահսկում են մեզ:

 

Էրդողան. Կարող է ճիշտ լինել: Հիմա, մենք որոշ բաներ արել ենք Ստամբուլի ոստիկանական վարչությունում:

 

Այնուհետև լրացուցիչ ձայնագրություններ են ի հայտ եկել, որոնցում Էրդողանն ու նրա որդին խոսում են մի թուրք գործարարի առաջարկած 10 միլիոն դոլարի կաշառքը մերժելու մասին, ոչ բավարար լինելու պատճառով:

 

Էրդողանը կարող է կորցնել ոչ միայն վարչապետի իր պաշտոնը և մոտ ապագայում Նախագահ դառնալու հնարավորությունը, այլ նաև կարող է ենթարկվել երկարատև ազատազրկման իր հանցագործությունների համար»:

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի