Գազամատակարարման խնդիրներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանավոր հանձնաժողովի աշխատանքային ուղղությունները հստակեցված են և բաժանված են 4 ենթախմբերի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գազամատակարարման խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

 

«Ստեղծվել են աշխատանքային 4 խմբեր, որոնք զբաղվելու են յուրաքանչյուր ենթախմբում ընդգրկված հարցերի ուսումնասիրությամբ»,-ասաց Հարությունյանը: Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝ բնական գազի մատակարարման և օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակի՝ բնական գազի ջերմատվության, գազի հաշվիչների ստուգաչափման, կորուստների հիմնավորվածության, ներտնային համակարգի սպասարկման և այլնի վերաբերյալ ուսումնասիրությունը, 2011-2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորման օրինականության և չափի հիմնավորվածության ուսումնասիրությունը:

 

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը կուսումնասիրի «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների հաշվարկման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի համապատասխանությունը միջազգային պրակտիկային, համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին, ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Հանձնաժողովն ուսումնասիրությունների արդյունքում գազամատակարարման համակարգի հետ կապված առաջարկություններ կներկայացնի:

 

Հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերի: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է նրա անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա տեղակալը կամ հանձնաժողովի որոշմամբ լիազորված անդամը: Դավիթ Հարությունյանը նշեց, որ հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ հարցերի քննարկման ժամանակ որպես հիմնական կամ հարակից զեկուցող հանդես են գալիս հանձնաժողովի սահմանած անձինք:

 

Անդրադառնալով հանձնաժողովի լիազորություններին՝ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ այն կարող է իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների, դատախազների և քննիչների, պահանջել հանձնաժողովի ուսումնասիրման ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ և ներկայացնել դրանց արդյունքները: «Հանձնաժողովն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ծանոթանալ իր առջեւ դրված խնդիրներին վերաբերող ցանկացած փաստաթղթի, այդ թվում՝ պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների»,-տեղեկացրեց Հարությունյանը:

 

Գազամատակարարման խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովն իր գործունեության ընթացքում կարող է ներգրավել մասնագետների և փորձագետների, աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև գազամատակարարման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին: «Թեև ստեղծված են 4 աշխատանքային խմբեր, որոնցում իշխանական և ոչ իշխանական պատգամավորների թիվը հավասար է, սակայն բոլոր պատգամավորները, ովքեր ընդգրկված են հանձնաժողովի կազմում, կարող են մասնակցել բոլոր աշխատանքային խմբերի աշխատանքներին»,-ասաց Հարությունյանը:

 

Ազգային ժողովի աշխատակազմը մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ: Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողով կներկայացնի մինչև Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ավարտը: Հանձնաժողովի գործունեությունը դադարում է նրա եզրակացությունն Ազգային ժողովում քննարկվելուց հետո կամ սահմանված ժամկետում եզրակացություն չներկայացնելու դեպքում, եթե Ազգային ժողովի որոշմամբ եզրակացության ներկայացման այլ ժամկետ չի սահմանվում:

 

Խմբակցության անդամները հանձնաժողովի կազմում ընդգրկվել են խմբակցության ղեկավարի ներկայացմամբ: Գազմատակարարման խնդիրնեն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովն արդեն գումարել է առաջին նիստը, որի ժամանակ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը, նախագահի տեղակալ՝ ԲՀԿխմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: