Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Առողջապահության նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր և մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին, հետաքրքրվել դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ և դյուրին կազմակերպելու նպատակով պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրված «մեկ պատուհան» համակարգի արդյունքներով։ Շրջայցն ավարտելուց հետո, Հանրապետության Նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

 

Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են առողջապահության համակարգի աշխատակիցների սոցիալական խնդիրներին, մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքին, մեր երկրի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ թեմաների: Մասնավորապես պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Շվեյցարիայի կառավարության որոշումը բողոքարկելու, այսպես կոչված, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը, Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Շատ լավ եմ գնահատում: Ոգևորիչ է: Եվ մենք բոլորս պետք է մեր դրական վերաբերմունքը հայտնենք Շվեյցարիայի կառավարության կողմից կայացված որոշմանը: Բոլորը գիտեն, որ Շվեյցարիան մշտապես եղել է միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկը, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը, և մենք ակնկալում էինք, որ այս հարցում էլ Շվեյցարիան դրական ու ճիշտ որոշում կկայացնի, ինչի ականատեսը մենք եղանք: Այդ որոշումն ակնկալվող, սպասվող որոշում էր: Իհարկե, այդ որոշման կայացման գործում ահռելի է Շվեյցարիայի իշխանությունների դերը: Շվեյցարիայի կառավարությունն ինքն է որոշում կայացրել, բայց այստեղ մենք պետք է գնահատենք միջազգային կառույցների, տարբեր մարդկանց ներդրումը կամ նրանց վերաբերմունքը եվրոպական դատարանի որոշմանը, նրանց դիմումը Շվեյցարիայի կառավարությանը, Ցեղասպանագետների միջազգային միության, տարբեր անհատների, տարբեր կառույցների կողմից ծավալված գործունեությունը:

 

Շվեյցարիայի կառավարության կողմից ընդունված որոշումը մի մեծ գործընթացի սկիզբն է միայն, որովհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս պետք է որոշում կայացնի գործն իր վարույթ ընդունելու մասով, այնուհետև քննի ըստ էության: Բայց մենք վստահ ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար և չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել: Բայց ցանկացած գործունեություն եռանդի, պայքարի կարիք ունի, և վստահ եմ, որ Շվեյցարիայի կառավարությունը հետամուտ է լինելու իր իսկ որոշմանը: Հասկանալի է, թե այդ հարցը մեզ ինչու է հետաքրքրում: Մյուս կողմից էլ խնդիրը կապված է նրա հետ, որ եվրոպական դատարանը, ընդունելով այդպիսի որոշում, ինչ-որ տեղ թերություն է գտնում Շվեյցարիայի արդարադատություն իրականացնող ոլորտում: Բայց բոլորիս հայտնի է, որ այդ երկիրը մեծ ճանապարհ անցած, բարձր արժեքներ դավանող երկիր է, ուստի շվեյցարացիները նաև իրենք պետք է ապացուցեն իրենց դատական համակարգի, ընդհանրապես իրենց ողջ պետական համակարգի ամբողջականությունը»: