Այսօր «Դ!եմ եմ» նախաձեռնության հանրահավաքին ելույթ ունեցավ Նիկոլ Փաշիյանը, ով ելույթը սկսեց ողջույնով. «Ողջույն Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջերս արված այն հայտարարությանը, թե ՀՀ քաղաքացիների շուրջ 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակներին, նշեց, որ այդ նույն ՀՀ քաղաքացիների 80 տոկոսը կարող են նախագահ ընտրել, Սահմանադրության մեջ փոփոխություններ անել:
«Հանրության 80 տոկոսը ՀՀ ժողովուրդն է, պետականության կրողը, ուրեմն՝ ովքե՞ր են նրանք, որ՝ իմանալով, որ 80 տոկոսը դեմ է այս կամ այն որոշմանը, հանդգնում են հայտարարել, թե կյանքի ենք կոչելու այս որոշումը: Պարոնայք Սարգսյաններ, դուք իրավիճակը վերագնահատելու կարիք ունեք, կարիք ունեք հասկանալու՝ ովքե՞ր եք դուք, ի՞նչ կարգավիճակ ունեք այս երկրում»,-ասաց Փաշինյանը:
Կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի շուրջ ստեղծված այս պատմությունը` ըստ Փաշինյանի, իսկապես ախտորոշում է այն հիվանդությունը, որը հյուծում է պետությունը: «Թալանված ժողովուրդը գումար չունի»,-նկատեց Փաշինյանը:
Ելույթն ավարտելով' Նիկոլ Փաշինյանը խոստացավ քաղաքացիներին իր ուժերի հնարավոր չափով անել ամեն ինչ, որպեսզի «Դ!եմ եմ», իր խոսքով,լուսավոր շարժումը հասնի իր հաղթանակին: