Հայկական Կարմիր խաչի ընկերությունը' Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի ֆինանսավորմամբ, 2014թ. հունվարի 30-ից մարտի 7-ը իրականացրել է մարդասիրական օգնության բաշխում 263 սիրիահայ ընտանիքի (980 մարդու): Սիրիահայերին տրամադրվել են ձմեռային հագուստ և կոշիկ, հիգիենիկ պարագաների փաթեթներ և ծածկոցներ: Ինչպես տեղեկացնում են Հայկական կարմիր խաչի ընկերության մամուլի ծառայությունից, 2014թ. տարբեր ծրագրերի շրջանակներում' սեփական բիզնես սկսելու համար գործիքներ կստանա 160 շահառու: Մոտակա ամիսներին 300 ընտանիքի կտրամադրվեն կենցաղային և հիգիենիկ պարագաներ, 250 ընտանիքի (1000 մարդ) կտրվեն ձմեռային հագուստի և կոշիկի ձեռքբերման կտրոններ, խրոնիկական հիվանդություններ ունեցող շահառուներին' դեղորայքի ձեռքբերման կտրոններ:

 

2014թ. ՀԿԽԸ-ն նախատեսում է փախստականներով ու սիրիահայերով բնակեցված համայնքների համախմբման աշխատանքներ տանել' ընդգրկելով քաղաքացիական հասարակությանն ու համագործակցելով միջազգային և տեղական կազմակերպությունների հետ' խնդիրների բացահայտման, որոշումների կայացման և ռեսուրսների համախմբման գործընթացում համայնքների ներուժն ուժեղացնելու համար: Համայնքային որոշ խնդիրներին լուծում տալու համար կտրամադրվեն դրամաշնորհներ:

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը' մարդասիրական ոլորտում և առաջնորդվելով իր առաքելությամբ, այն է' կանխարգելել և թեթևացնել մարդկային տառապանքները, չէր կարող անմասն մնալ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին արձագանքելուն և նրանց աջակցել է ժամանման առաջին իսկ օրվանից:

 

Հաշվի առնելով իրավիճակն ու աջակցության կարիք ունեցող սիրիահայերի մեծ թիվը' ՀԿԽԸ-ն ձեռնամուխ եղավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործմանը:

 

Ծրագրեր են իրականացվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Ավստրիական զարգացման գործակալության, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ: Նշված ծրագրերի շրջանակներում ՀԿԽԸ-ն սիրիահայերին աջակցություն է տրամադրում հետևյալ հիմնական ուղղություններով. ընդունելության պայմանների բարելավում, սոցիալական աջակցություն, ՀՀ տարածք մուտքի պայմանների բարելավում և չվերադարձելիության սկզբունքի պահպանում, ինքնաբավության և ապրելակերպի բարելավում, համայնքների հզորացում, իրազեկվածության բարձրացում և ինտեգրում, սեռական և գենդերային բռնությունների կանխարգելում ու արձագանք:

 

2012թ. աշնանից մինչ օրս 500 ընտանիքի տրամադրվել են հիգիենիկ փաթեթներ, 1615 մարդ ստացել է ձմեռային հագուստ և կոշիկ ձեռք բերելու կտրոններ, հաշմանդամություն ունեցող 60 մարդու տրվել են հենաշարժողական միջոցներ, լսողական սարքեր և ակնոցներ, առավել կարիքավոր 32 շահառուների տրամադրվել է 15 000-ական դրամ:

 

Իրականացվում է նաև անհատական և խմբային խորհրդատվություն' ՀՀ-ում շահառուների իրավունքների և պարտականությունների, զբաղվածության, առողջապահության և կրթության վերաբերյալ: 2012թ. մինչ օրս 1736 սիրիահայերի տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն:

 

2013թ. ծրագրերում ընդգրկվեց նաև եկամտաբեր գործունեության խթանման բաղադրիչը, որը նպատակ ունի օգնել սիրիահայերին իրենց փոքր բիզնեսն սկսելու հարցում' տրամադրելով համապատասխան գործիքներ' ըստ իրենց նախասիրությունների և հմտությունների: 2013թ. գործիքներ ստացան 88 սիրիահայեր:

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցել է նաև սիրիահայ երեխաներին: 2013թ. ընթացքում 147 երեխա ստացել է հագուստ և կոշիկ, որից 97 դպրոցականի նաև գումար է տրվել' հագուստ և գրենական պիտույքներ ձեռք բերելու համար, փոքրիկներին տրամադրվել են նաև մանկական սայլակներ, մանկական սնունդ և տակդիրներ: 2013թ. օգոստոսի 1-ից 7-ը ամառային ճամբար է կազմակերպվել' ընգրկելով սիրիահայ երեխաներին:

 

Ծրագրերն իրականացվում են համագործակցելով ՀՀ Սփյուռքի նախարարության, Պետական միգրացիոն գործակալության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության ու Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի հետ:

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը' իր Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի ռազմավարական ուղղության շրջանակներում արդեն երկար տարիներ է, ինչ իրականացնում է ապաստան հայցողներին և փախստականներին առաջնային մարդասիրական, բժշկական, սոցիալ-հոգեբանական աջակցության, իրավաբանական խորհրդատվության տրամադրում, սահմանային վերահսկողության իրականացում, փախստականների ինտեգրմանը նպաստող գործունեություն: