Լաթաքիայում հանգրվանած քեսաբահայերը, անտեղյակությունից ու անորոշությունից դրդված, Քեսաբի իրենց տներ են զանգահարել ու բացահայտել սարսափելի իրականությունը. նրանց տներն արդեն նոր «բնակիչներ» ունեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ մամլո դիվանից' ներկայացնելով մանրամասներ Քեսաբում բռնարարքների եւ հասցված վնասների մասին: «Սիրիայի Քեսաբ գյուղաքաղաքը միշտ էլ խաղաղ ավան է եղել' ճիշտ բնակիչների նման, ովքեր իրենց օրվա հացը վաստակում էին հողագործությամբ եւ զբոսաշրջության հետ կապված աշխատանք կատարելով: Հիմա, երբ նրանցից շատերը, թողած իրենց տունն ու ունեցվածքը, Լաթաքիայում են, անտեղյակությունից դրդված զանգահարում են սեփական տները, որտեղ արդեն «բնակություն» են հաստատել զինյալները: Օրինակ, խոհարար Մինաս Սողոմոնյանը, երբ զանգահարել էր իր բնակարան իմանալու, թե ով կպատասխանի, զինյալներից մեկը վերցնելով հեռախոսն ասել էր, որ վայելել է նրա պատրաստած ճաշÕ ¨, որը բավական համեղ էր: Նմանատիպ դեպք պատահել էր նաեւ Ժոզեֆ Քելաղպյանների հետ, ում տուն ներխուժած զինյալները եւս վայելել էին նրանց ուտելիքները:

 

Քեսաբահայ Անի Պոյմուշաքյանն էլ, երբ զանգահարել էր Հայ Ավետարանական եկեղեցու գրասենյակ, զինյալները պատասխանել էին, որ եկեղեցին արդեն իրենց հսկողության տակ է եւ իրենք կառույցի հետ կվարվեն այնպես, ինչպես կուզեն: Փարեն Հովսեփյանը զանգել է եւ իր տնից իրեն պատասխանել են, թե շատ գեղեցիկ կահույք ունի: Նազարեթ Դանիելյանը պարզել է, որ իր տուն եւս ներխուժել են: Դեռ հայտնի չէ Քեսաբից տեղահանվածների թիվը, բայց Սիրիայի գյուղաքաղաքից արված կադրերում միայն ծխացող տներ ու շենքեր են»,-տեղեկացնում են ՀՅԴ մամլո դիվանից:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումները հանկարծակիի են բերել տեղի խաղաղ բնակչությանը, որոնցից շատերը փրկվելու համար բռնել են Լաթաքիայի ճանապարհը: Շատերին զինյալ գրոհայինները նույնիսկ հանգիստ չէին թողել տեղահանվելիս: Բախումների արդյունքում Ալ Շաճարա տեղամասից տեղափոխվող Սթիվ Շեխուկյանին, օրինակ, ճանապարհին խոչընդոտել է մի մորուքավոր գեներալ, ով զինված էր: Երբ գեներալն իմացել է Սթիվի հայկական ծագման մասին' դանակ է պահել վերջինիս վրա եւ սպառնացել, որ կմորթի: Երբ կռիվը սաստկացել է' գե ներալը փախուստի է դիմել: Սթիվն ազատվելով շղթաներից, կարողացել է հասնել այն վայրը, որտեղ ապաստանել էին քեսաբցիները:

 

Հայեր էլ կային, ովքեր ինչ-ինչ պատճառներով չէին կարողացել լքել սեփական տունը: Նրանցից մեկը Տիգրանուհի Մանճիկյանն էր, ով առողջական պայմաններից ելնելով մնաց Քեսաբում: Զինյալները սակայն մտել էին նրա տուն, խուզարկել, մարմնական վնասվածներ պատճառելով ու սպառնալիքներ հնչեցնելով ոսկեղեն եւ արժեքավոր իրեր էին պահանջել նրանից:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին' Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մարտի 24-ին հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ: Հայաստանի ղեկավարը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին: