Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին զայրացնում է ցանկացած ոչ ադեկվատ գործողություն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահրամ Ավանեսյանն անդրադարձավ նախօրեին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և քաղաքացիական ակտիվիստների միջև գրանցված միջադեպին՝ նշելով, որ անընդունելի է ցանկացած ոչ ադեկվատ գործողություն: «Տվյալ դեպքում խոսքն ակտիվիստների մասին է, որոնց գործողություններն ուղղակի անթույլատրելի էին: Այո, կարելի է կարծիք հայտնել, սակայն ոչ նման ձևով»,- նշեց նախարարը:
Նա նշեց, որ իր համար անընդունելի է, որ ակտիվիստները կոշիկներով կանգնել էին աթոռների վրա և ամբողջ դահլիճով մեկ վիրավորական վանկարկումներ են արել: Նրա խոսքով՝ ով էլ այդ պահին լիներ բնապահպանության նախարարի փոխարեն, չէր կարող իրեն այլ կերպ պահել:
Մարտի 25-ին հանքարդյունաբերությանը վերաբերող համաժողովի ընթացքում բնապահպան ակտիվիստները անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել նախարարների նկատմամբ: Նրանք բաժակով պղտոր ջուր էին առաջարկել նախարարներին ու պնդել, որ գետի մաքուր ջուր է: Մամուլի հրապարակումների համաձայն' ակտիվիստը մի քանի րոպե շարունակ վանկարկել է «Բնապահպանության նախարարությունը գերեզմանոց է», ինչին ի պատասպան ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, հունից դուրս գալով, ասել է' «չափդ ճանաչի, ականջներդ կկտրեմ»: