Այսօր' մարտի 28-ին, Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը:

 

Ամբիոնից ելույթ ունեցավ նաև կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով իր խոսքում նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից առաջ մեզ բոլորիս զգուշացրել է, որ հերթական դե ֆակտո իշխանությունը շատ ծանր է նստելու մեզ վրա, և մենք այդ ծանրության պտուղները սկսել ենք քաղել, սա դեռ ծաղիկներն են:

 

«Աստված չանի: Իսկապես եթե համաշխարհային հանրություն-Ռուսաստան դիմակայությունը մտնի խորը սառը պատերազմի փուլ, մենք ավելի ծանր խնդիրներ կարող ենք ունենալ: Ցավոք, այսօր Ադրբեջանը ավելի ինքնուրույն քաղաքականություն է վարում, քան Հայաստանը, ցավոք, ուկրաինական դեպքերի առնչությամբ Թուրքիայի դերը տարածաշրջանում ավելի կարևորվեց, ցավոք, եթե այսպես շարունակվի, մենք Վրաստանի հետ տարբեր ճամբարներում ենք հայտնվելու, ինչպես ասաց Շվեդիայի արտաքին գործերի նախարարը, և ցավոք, երեկվա քվեարկությունից հետո Հայաստանը «11 իզգոյ» երկրների շարքում է: Այդ 11 երկրների մեջ չկար գոնե մեկը, որը փոքր-ինչ ժողովրդավար է, գոնե փոքր-ինչ տնտեսական հզորություն ունի»:

 

Հիմա մենք փորձում ենք աշխարհի առաջադեմ հանրության դեմ հանդես գալ: Մենք այդ խաչը կրելու ենք միասին' անկախ նրանից' ո’ր իշխանությունն է այդ խաչի տերը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը և հորդորեց ու պահանջեց միասնական ուժերով պահանջել և պարտադրել իշխանության հրաժարականը, քանի որ Հայաստանում պետք է ձևավորվի լեգիտիմ իշխանություն: