Մարտի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ' նվիրված զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության հարցերին: Կոլեգիայի նիստը նախագահել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ:
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին ներկա էին նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՊԲ բարձրաստիճան սպաներ:
Բացելով նիստը և ներկայացնելով օրակարգում տեղ գտած խնդիրները' Սեյրան Օհանյանը կարևորել է դրանց իրականացումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում:
Իր զեկույցում հանգամանալից վերլուծելով վերջին շրջանում զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականությունը բարձրացնելու ուղղությամբ կատարված աշխատանքները, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը վստահեցրել է, որ զինված ուժերը պատրաստ են պատվով կատարել առաջադրված ցանկացած մարտական խնդիր: Ներկայացնելով արձանագրված ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները' Յուրի Խաչատուրովը կարևորել է ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Այս առումով Սեյրան Օհանյանը փաստել է, որ զգալի ֆինանսական միջոցներ են ներդրվել ճշգրիտ և հեռահար սպառազինության, հակատանկային միջոցների, օպտիկական սարքերի և նշանոցների քանակն ավելացնելու ուղղությամբ:
Զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության, զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում առկա հարցերի վերաբերյալ կոլեգիայի նիստում զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ:
Ծավալված ակտիվ քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են նաև առաջնագծում ինժեներական սարքավորումների, համապատասխան արգելափակոցների ստեղծման, հենակետերի մարտական դիրքերի լրակահավորման, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի և ճանապարհների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:
Կոլեգիայի նիստի ընթացքում ուղիղ տեսակապ է հաստատվել սահմանամերձ զորամասերից մեկի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին և կոլեգիայի նիստի մասնակիցներին զեկուցվել է սահմանագծում տիրող իրավիճակի, հակառակորդ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, դիրքապահ զինծառայողների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության մասին:
Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները և ի մի բերելով զեկույցներում հնչած փաստերն ու հետևությունները' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանգամանորեն անդրադարձել է զորատեսակների անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործման, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալիր վերազինման և արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև միջադեպերի կանխարգելմանն ուղղված ճիշտ և նպատակային միջոցառումների կազմակերպման խնդիրներին, տվել է համապատասխան հանձնարարականներ:
Կոլեգիայի նիստի ավարտին մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով: