Արցախի ձեռքբերումների և հաջողությունների հիմնական գրավականը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է, և նրա շարունակական ամրապնդում, որը Ստեփանակերտում դիտարկում են որպես Արցախի պետականաշինության կարևորագույն հիմնասյուներից մեկը: «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անդրադարձավ երկրի ձեռքբերումներին և առայժմ չլուծված հարցերին ու դիվանագիտորեն պատասխան տվեց ռազմական հռետորաբանությամբ տառապողներին:


-Պարոն Նախագահ, եթե ամփոփելու լինենք 2013թ., որո՞նք էին այն խնդիրները, որ պետությունը կարողացավ լուծել և ի՞նչ հարցեր կան, որ դեռ շարունակում են մնալ անկատար:

 

-Խոսելով պետության կենսագործունեության մասին՝ կուզենայի այն դիտարկել երեք հիմնական հարթություններում՝ սոցիալ-տնտեսական, արտաքին և ռազմաքաղաքական: Սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից 2013 թվականը, ընդհանուր առմամբ, դրական էր: Աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Համախառն ներքին արդյունքը 2012 թ. համեմատ ավելացել է ավելի քան 9 տոկոսով: Ընդհանրապես, վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է համախառն ներքին արդյունքի ամենամյա աճը պահպանել 9-10 տոկոս շեմի վրա, որը բավական բարձր ցուցանիշ է: Աճի նման տեմպերի ապահովումը պայմանավորված է նրանով, որ Արցախի սոցիալ-տնտեսական ռազմավարության մեջ առաջնահերթությունը տրվում է այնպիսի ճյուղերի զարգացմանը, որոնք ունեն իրականացված կապիտալ ներդրումների դիմաց տնտեսական հատույցի մեծ հնարավորություններ թե ժամանակի, թե ստացված եկամուտների տեսանկյունից: Նման ճյուղերից են հանքարդյունաբերությունը, էներգետիկան, շինարարությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ոլորտներ: Եվ պատահական չէ, որ այդ ճյուղերը որակվել են որպես ռազմավարական ուղղություններ, որոնք ներկա դրությամբ հանդիսանում են մեր տնտեսության շարժիչ ուժը և ունեն տնտեսական աճի բարձր տեմպեր: Իհարկե, ձեռքբերումների հետ մեկտեղ ունենք բազմաթիվ խնդիրներ և անելիքներ: Մեր տնտեսական քաղաքականության գերխնդիրն է' ստեղծել կայուն զարգացող և կենսունակ տնտեսական համակարգ, որը հիմնված կլինի մեր ներքին նյութական և ոչ նյութական ներուժի արդյունավետ օգտագործման վրա՝ ապահովելով մրցունակ արտադրանք թե′ ներքին, թե′ արտաքին շուկայում:

 

Խոսելով արտաքին քաղաքականության ոլորտում մեր ձեռքբերումների և խնդիրների մասին՝ կուզենայի կանգ առնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, Արցախի միջազգային ճանաչման և երկկողմ հարաբերությունների զարգացման վրա:

 

Հակամարտության կարգավորման ուղղությամբ 2013 թվականին էական տեղաշարժեր չեն եղել, ակնկալիքներ չունենք նաև 2014 թվականին: Նման գնահատականը պայմանավորված է պաշտոնական Բաքվի կողմից տարվող ապակառուցողական և ահաբեկչական, հակահայկական քաղաքականությամբ:

 

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վերաբերյալ պետք է նշեմ, որ այս տեսանկյունից 2013 թվականը բավականին արդյունավետ էր: Անցյալ տարի Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել են ԱՄՆ-ի Մեն և Լուիզիանա նահանգները, Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո, Լոս Անջելես և Հայլենդ քաղաքները: Մենք աշխատելու ենք, որպեսզի գալիք տարիներին էլ ավելի ընդլայնենք Արցախի Հանրապետությունը ճանաչած սուբյեկտների աշխարհագրությունը:

 

Առաջընթաց է արձանագրվում նաև այլ երկրների, տարբեր վարչական միավորումների հետ կայուն փոխգործակցության հաստատման ու կապերի շարունակական ընդլայնման ուղղությամբ, ինչն արտացոլվում է տնտեսական, մշակութային, գիտակրթական ու մարդասիրական ոլորտներում' համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:

 

Ռազմաքաղաքական հարթությունում մեր ամենամեծ արդյունքը հանդիսացել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանումը և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովումը: Այս գործում իր առանցքային դերակատարությունն ունի ԼՂՀ պաշտպանության բանակը, որն արդյունավետորեն իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Բանակաշինությունը եղել է, կա և կմնա հանրապետության կենսագործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը: Ինչքան հզոր լինի բանակը, այնքան ուժեղ ու հպարտ կլինեն մեր պետությունն ու ժողովուրդը, այնքան ավելի հեշտ կլինի հասնել միջազգային ճանաչման և զբաղեցնել մեր արժանի տեղը քաղաքակիրթ ժողովուրդների շարքում:


-Այս տարի շեշտն ինչի՞ վրա է դրվելու, և ո՞ ր խնդիրների լուծումն է օրակարգային:

 

-Ես արդեն անդրադարձել եմ մեր պետության կենսագործունեության հիմնական ուղղություններին: Դրանք օրակարգային են լինելու նաև 2014 թվականին: Միևնույն ժամանակ, կուզենայի նշել, որ պետությունն այնպիսի համակարգ է, որի բոլոր բաղադրամասերը սերտորեն փոխկապակցված են իրար հետ: Հետևաբար, մենք շարունակելու ենք ցուցաբերել համապարփակ մոտեցում հանրապետությունում առկա խնդիրների լուծման նկատմամբ:

 

Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր բոլոր հաջողությունները կախված են, առաջին հերթին, Արցախի Հանրապետության պաշտպանունակության և անվտանգության ապահովումից և, բնական է, այս հարցին մենք, ինչպես միշտ, ցուցաբերելու են առանձնահատուկ մոտեցում:


-Տնտեսության զարգացման առումով պետության համար որո՞նք են գերակա ճյուղերը' գյուղատնտեսությո՞ւն, զբոսաշրջությո՞ւն, հանքարդյունաբերությո՞ւն, և ի՞նչ նախադրյալներ կան այդ ոլորտներն առավել զարգացնելու համար:

 

-Գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, հիդրոէներգետիկայի և մի շարք այլ ոլորտների զարգացման համար մենք ունենք նպաստավոր պայմաններ և նախատեսում ենք այստեղ իրականացնել տարբեր ծրագրեր: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա այն նույնպես որակվել է որպես ԼՂՀ սոցիալ-տնտեսական օրակարգի ռազմավարական ուղղություններից մեկը: Այս ոլորտի զարգացման համար մենք ունենք բարենպաստ բնապատմական պայմաններ: Զբոսաշրջությունը նաև համարվում է մեր երկիրն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու, այլ ժողովուրդների ու պետությունների հետ շփումներն ընդլայնելու կարևոր միջոցներից մեկը, ինչը նպաստում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ զբոսաշրջության զարգացման համար համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը բերում է նոր աշխատատեղերի բացման:


-Խոսելով Արցախի ապագայի մասին' չի կարելի շրջանցել վերաբնակեցման հարցն ու դեմոգրաֆիկ աճը: Այս առումով ո՞րն է պետության հստակ դիրքորոշումն, ու ի՞նչ հաջողությունների եք հասել:

 

-Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեզ համար ունի ռազմաքաղաքական կարևորագույն նշանակություն, և այս ուղղությամբ իրականացվել են նպատակասլաց աշխատանքներ, ինչի արդյունքում ունենք դրական փոփոխություններ: Այսպես, 2013 թվականին հանրապետության բնակչությունը կազմել է 146 հազար 600 մարդ՝ 2010 թվականի համեմատ ավելանալով 3 հազարով, 2008 թվականի համեմատ՝ 6700-ով:

 

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ընթանում է երկու հիմնական հարթությունում՝ ծնելիության խթանում և վերաբնակեցման ծրագրերի իրականացում: Ծնելության խթանման ուղղությամբ պետությունն իրականցնում է մի շարք ծրագրեր՝ հիմնական շեշտը դնելով յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վրա: Այսպես, ընտանիքում ծնված առաջին երեխայի համար պետությունը սահմանել է 100 հազար դրամի չափով միանվագ նպաստ, երկրորդ երեխայի համար՝ 200 հազար դրամ, երրորդ երեխայի դեպքում՝ 500 հազար դրամ (նույնքան չափով էլ բանկում բացվում է ժամկետային ավանդ), չորրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 700 հազար դրամ (նույնքան չափով էլ բանկում բացվում է ժամկետային ավանդ):

 

Ինչ վերաբերում է վերաբնակեցմանը, ապա այստեղ նույնպես ունենք դրական տեղաշարժեր: Վերջին տարիներին Արցախում վերաբնակեցվել է մոտ 800 ընտանիք,  և ուրախալի է, որ բավականին մեծ տոկոս են կազմում երեխաները:


-Պարոն Սահակյան, Արցախի ամենամեծ մարտահրավերը երկրի անվտանգության ապահովումն է: Որպես ԼՂՀ գերագույն գլխավոր հրամանատար' ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ պաշտպանության բանակի պատրաստվածությունը:

 

-Արցախի պաշտպանության բանակը, ինչպես արդեն նշեցի, արդյունավետորեն և պատվով է իրականացնում իր առջև դրված խնդիրները: Դրա վառ վկայությունն է մեր տարածաշրջանում պահպանվող խաղաղությունն ու կայունությունը, որի հիմնական երաշխավորներից մեկը հենց Պաշտպանության բանակն է: Մեր զինված ուժերն ի վիճակի են պաշտպանել Արցախի Հանրապետության անկախությունն ու հարազատ ժողովրդի անվտանգությունը ցանկացած ոտնձգությունից:


-Պարոն Նախագահ, բազմաթիվ ռազմական փորձագետների գնահատմամբ` Ադրբեջանը ոչ թե պատերազմ կսկսի, այլ այսպես կոչված բլից-կրիգի տարբերակով կփորձի ակնթարթային հարձակում գործել և ծանր հետևանքներ թողնել: Նման տեսակետ վերջերս էլ հնչեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նման գնահատականները որքանո՞վ են արդարացված, և մեր պաշտպանության բանակը որքանո՞վ է պատրաստ նման անակնկալների:

 

-Պետք է նշեմ, որ այս սցենարն ուղղակի անհնարին է մի շարք պատճառներով: Նախևառաջ, մենք ունենք հզոր պաշտպանական համակարգ, որն ի վիճակի է կասեցնել նման հարձակումն ու անցնել լայնածավալ հակագրոհի: Եվ երկրորդ, եթե թշնամին կրկին հարձակվի Արցախի վրա, ապա այս պատերազմը նույնպես կլինի հայրենական պատերազմ, որին կմասնակցեն ողջ Արցախն ու համայն հայությունը, իսկ նման դեպքում բլից-կրիգ ուղղակի հնարավոր չէ իրականացնել:


-Վերջին երկու տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը մի շարք երկրների քաղաքների, նահանգների կողմից ճանաչում է ստացել, ավելի են սերտացել խորհրդարանական կապերը տարբեր երկրների միջև: Այս ճանաչումներն համագործակցության ինչպիսի՞ եզրեր են նախանշում և արդյո՞ք դրանք նպաստում են Արցախի միջազգային ճանաչմանը:

 

-Բնական է, որ դա նպաստում է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ինչպես նաև վկայում է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է, որի գոյությունը և նրա հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է և քաղաքական, և տնտեսական, և բարոյական տեսանկյուններից: Այն նաև նպաստում է տարբեր երկրների հետ երկկողմ փոխշահավետ կապերի հաստատմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև ամրապնդում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:


-ԼՂ հակամարտության կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և որպես բանակցային կողմ Ստեփանակերտը ներգրավված չէ: Միթե դա չի խոչընդոտում բանակցությունների ճիշտ ընթացքին և արդյո՞ք արդարացված է, որ պետք է որոշում կայացվի Արցախի համար առանց հարցնելու արցախցու տեսակետը:

 

-Ակնհայտ է, որ առանց խաղաղ գործընթացի բոլոր փուլերին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհնարին կլինի հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման: Մենք հետևողական ենք լինելու բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներում՝ ակտիվ գործունեություն ծավալելով շահագրգիռ բոլոր ատյաններում:


-Արդյոք 2014թ. կարող է նոր զարգացումներ խոստանալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում' հաշվի առնելով համանախագահների, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և առաջիկայում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները:

 

-Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման միակ խոչընդոտը պաշտոնական Բաքվի վարած ապակառուցողական և ահաբեկչական քաղաքականությունն է և հայատյացության վրա հիմնված պետականաշինության նրա տեսլականը: Մինչև Ադրբեջանը չվերանայի իր քաղաքականությունը' ակնկալել վերջնական կարգավորում ուղղակի անհնարին է: Ստեղծված իրավիճակում մեր կողմից արվում է հնարավորը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ, ինչին նպաստում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:



Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի