Ադրբեջանի ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ, ծովուժերի հրամանատարի նախկին պաշտոնակատար Յունուս Մամեդովը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը' նշելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայութունը հաստատել է փաստը:
Առաջին կարգի կապիտան (գնդապետ) Յունուս Մամեդովը մեղադրվում է պաշտոնավարման ընթացքում ֆինանսական խախտումներ եւ Կանոնադրությունից դուրս գործողություններ թույլ տալու մեջ: Ավելի վաղ նա հեռացվել էր պաշտոնից եւ թողնվել նախարարության տրամադրության տակ:
Ադրբեջանի ռազմածովային ուժերում Ռազմական դատախազության եւ Ֆինանսների նախարարության աշխատակիցների մասնակցությամբ արդեն երկու ամիս շարունակվող ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մեղադրանքով արդեն ձերբակալվել են պաշտպանության նախարարության 12 աշխատակիցներ:
Ստուգումների ընթացքում հայտնաբերվել են նավերի վերանորոգման եւ մատակարարման ժամանակ բազմաթիվ խախտումներ. հատկացված միջոցների ըստ նշանակության չօգտագործվելու փաստեր, դուրս գրված եւ մարտական նավերի որակավորման, պահպանման համար բյուջետային միջոցների ուռճացումներ եւ վատնումներ, վերանորոգման աշխատանքները նավերի կապիտանների հաշվին կատարելու, կեղծ փաստաթղթերով որոշ բնակելի եւ ոչ բնակելի տարածքներ առանձին մարդկանց անունով սեփականաշնորհելու եւ այլ փաստեր:
Ձերբակալվածների թվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմածովային ուժերի ավտոմոբիլային ծառայության պետ 3-րդ կարգի կապիտան (գնդապետ) Իլքին Ասգերովը, թիկունքի ծառայության պետ գնդապետ-լեյտենանտ Սեյֆի Հուսեյնովը, պահեստի միչման Էլխան Հաջիեւը, ռազմական ստորաբաժանման մթերքի ծառայության պետ գնդապետ-լեյտենանտ Հաֆիզ Բաուշեւը: Նրանք մեղադրվում են պաշտոնեական չարաշահումներ եւ մեծ չափերի յուրացումներ թույլ տալու մեջ: Երկու ամիս առաջ զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր Ադրբեջանի ՊՆ ծովուժերի հրամանատար Շահին Սուլթանովը: