Ուկրաինայի հայերի միությունը դիմել է միջազգային հանրությանը' կոչ անելով դատապարտել և միջոցներ ձեռնարկել Սիրիայի Քեսաբ քաղաքում հայ բնակչության նկատմամբ հարձակումներն ու ոտնձգությունները կանխելու համար: Ինչպես հաղորդում է Ուկրաինայում հրատարակվող «Անալիտիկա» կայքը, Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է, որ Ուկրաինայի հայերը տևական ժամանակ է հետևում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և մշտապես կապ են պահպանում Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

«Միջազգային հանրության աչքի առաջ Քեսաբում տեղի է ունենում ողբերգություն, որը մեզ հիշեցնում է մեր պատմության սարսափելի իրադարձությունները: Մենք չենք կարող համակերպվել այս անարդարության հետ»,-հայտարարել է Շատվորյանը:

 

Ուկրաինայի հայերի միությունը, միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որ միավորում է երկրում գործող բոլոր հայկական կառույցները: Ուկրաինայի հայերի միությունն Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպություն է, որը ընդգրկվել է Եվրամիության ռեգիստրում' որպես ամենաթափանցիկ կազմակերպություն:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահակի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Թուրքիայի աջակցությամբ սիրիական զինյալների կողմից Քեսաբի գրավումը դատապարտել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը' ուշադրության հրավիրելով սարսափելի դեպքերի վրա: